«Փաստ». Գնում են հանդիպման, իսկ «պատերի տակ» թունդ քննադատում
- Armen Sukiasyan
- 9 hours ago
- 1 min read
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում»:
Մեր ունեցած տեղեկություններով, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հերթական հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում: Հանդիպման մասնակիցները մեզ հետ զրույցում նշում էին, որ իրենցից նախապես հավաքել էին բջջային հեռախոսները, պայուսակների մեջ եղած իրերը, օծանելիքը և այլն, որոնք հանդիպումից հետո վերադարձրել են։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, ու նրա յուրաքանչյուր այց ուղեկցվում է անվտանգության աննախադեպ, ծայրահեղ միջոցառումներով, նորություն չէ: Այստեղ այլ հարց է առավել էական, թե այսքան ավերից հետո, նույն Նոյեմբերյանի տարածաշրջանում տարածքների հանձնումից հետո ի՞նչն է դրդել այս տարածաշրջանի բնակիչներին մասնակցել Փաշինյանների՝ իբր կրթական արշավին ու լսել նրանց «դասախոսությունները»։
Ի դեպ, պակաս կարևոր չէ, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել մեծ թվով այնպիսի մարդիկ, որոնք «պատերի տակ» առավոտից երեկո ոչ միայն թունդ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, այլև այդ ամենը համեմում են ամենակոպիտ արտահայտություններով: