top of page

«Հրապարակ». Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում, հավանաբար, կքննարկվի հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք հերթական նիստերի ընթացքում։ Այն արդեն ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՝ հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ չմասնակցել քննարկմանը եւ ամոթալի ակտի ընդունման պատասխանատվությունը թողնել իշխող ուժի ուսերին։

«Հայաստան» խմբակցության մեր աղբյուրներն ասացին, որ այս պահին դեռ որոշում չունեն՝ մասնակցել, թե ոչ։ Ի դեպ, կանոնակարգը վավերացնելուց հետո թերեւս սահմանազատման գործընթացը նոր թափով կշարունակվի, անգամ իշխանական շրջանակներում են խոսում, որ Ալիեւը հաջորդը Տիգրանաշենն է պահանջելու։

Ի դեպ, ՔՊ-ում բուռն քննարկման թեմա է դարձել, որ Փաշինյանն իր ստորագրությունը չի դրել կանոնակարգի տակ` ՍԴ ուղարկելուց առաջ, էլեկտրոնային եղանակով է ուղարկվել, իսկ ՍԴ-ի դիմումների պատշաճ ձեւ են համարվում ստորագրությունը եւ կնիքը։ Դրանից հետո ՍԴ-ն այդ հարցով դիմել է կառավարություն, Մհեր Գրիգորյանը` լիազորագրով, ստորագրել է, որ համարվի պատշաճ ընդունված։

Սա նշանակում է, որ Փաշինյանն անձամբ չի ուզում պատասխանատվություն ստանձնել այդ խայտառակ փաստաթղթի՝ ՀՀ-ից նոր տարածքային զիջումների հետ կապված եւ այն դնում է փոխվարչապետի, իսկ շաբաթներ անց՝ արդեն ուսապարկերի ուսերին»:

bottom of page