top of page

Ո՞վ և ինչո՞ւ է «փակում» Մարությանի «բերանը»

Nov 20, 2022
1 min read


Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 29-ից ուսումնասիրություններ են սկսել Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանում այս լուրը հաստատել են։ Անցած տարեվերջին, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցնելով իշխող ուժի հասցեին: Ի թիվս այլ հայտարարությունների՝ Մարությանը նշել էր, թե տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու մերժում ստացել։


ՊՎԾ ստուգումների ֆորմալ առիթ, ըստ ամենայնի, հանդիսացել է նախկին քաղաքապետի այս հայտարարությունը։ Սակայն այս պարագայում հարկադրված ենք արձանագրել, որ իշխանությունները ճիշտ տեղում ստուգումներ չեն անցկացնում։ Եթե Հայկ Մարությանը խոսել է տարբեր պաշտոնյաների կողմից ապօրինի խնդրանքների կամ միջնորդությունների մասին, ապա ավելի տրամաբանական կլիներ՝ փաստի առթիվ քրեական գործ հարուցել ու, պայմանական ասած՝ «բերման» ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք նախկին քաղաքապետի առաջ անօրինական պահանջներ են դրել։ Ուրեմն, լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ ՊՎԾ ստուգումները ոչ թե Մարությանի հայտարարության հետքերով են, այլ ավելի շուտ՝ Մարությանի դեմ։


Մարությանի մարդկային, քաղաքական որակների մասին ոչինչ ասել չենք կարող ու նույնիսկ հնարավոր չէ պնդում անել, որ նա՝ իշխանության հետ քաղաքական հակադրությունը, կապիտալիզացնելու է ընդդիմադիր գործունեության ձևով։ Նույնիսկ հակառակի մասին խոսող փաստեր կան․ Մարությանն ու նրա բազմաթիվ համախոհներ հրաժարվել են ավագանու անդամի մանդատներից, ինչը նշանակում է՝ նախկին քաղաքապետը մտադիր չէ ընդդիմադիր գործունեություն ծավալել անգամ Երևանի ու նրա վագանում մասշտաբով։


Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն առաջնորդվում են «գող՝ սիրտը դող» սկզբունքով և, ըստ ամենայնի, երաշխիքների համակարգ են ստեղծում կանխարգելիչ նպատակներով։ Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ սկսած ստուգումներն ավելի շատ նպատակ ունեն հնարավոր կոմպրոմատներ գտնել Մարությանի դեմ՝ նրա բերանը փակելու համար։ Հայաստանում սովորաբար ինչ-որ գերատեսչությունում ստուգումներ էին սկսվում, երբ խնդիր էր դրված ազատվել կոնկրետ պաշտոնյայից։ Հիմա ձևավորվում է ավտորիտար նոր մշակույթ՝ ստուգումներ են իրականացնում արդեն հեռացված պաշտոնյայի հնարավոր ընդդիմադիր գործունեությունը կանխելու նպատակով։


Վահրամ Բագրատյան

 
 
1/3798
bottom of page