top of page

Ովքեր են նախկինում եղել խաչի քավոր․ ում վրա է կանգ առել այս տարի եկեղեցու ընտրությունը

Nov 20, 2022
2 min read

Նախօրեին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում էր Սուրբծննդյան պատարագն ու Ջրօրհնեքի արարողությունը։ Տոնի առթիվ նախապես ընտրվում են Սուրբծննդյան կնքահայրեր: Սուրբ Եկեղեցու աստվածատես հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, ով մկրտեց Հիսուս Քրիստոսին:


Խաչի քավոր լինելը հետաքրքիր պատասխանատվություն է։ Դա նույնն է, ինչ ծնող լինելը։ Երեխաներից ամեն մեկը մի կարիք ունի, իսկ դու պետք է խնամես նրան, հոգ տանես։ Խաչի քավոր լինելն էլ այդպիսի մի բան է։ Բայց այս ամենի մեջ կարևոր է, որ մարդ հոգով անի ամեն ինչ․ քավոր լինի, թե ծնող, եկեղեցու համար անի, թե մերձավորի։


Այս տարի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խաչի քավորը դարձավ երգիչ Դավիթ Ամալյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։


Նախկինում խաչի քավոր ընտրվում էին քաղաքական գործիչների շրջանակից։ Մասնավորապես 2018թ-ին լայն քննարկումների առիթ էր դարձել այդ ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Խաչի կնքահայր հանդես գալը։


Ավելի ուշ պարզվեց, որ Վիգեն Սարգսյանն այդ դերում միակ հանրային դեմքը չի եղել։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույն օրը, նույն պահին խաչի քավոր է եղել Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Արթուր Աբրահամը` Սուրբ Ստեփանոսում։ Սակայն, ի տարբերություն պաշտպանության նախարարի, մյուսներին հանրությունը նույն ուշադրությանը չարժանացրեց։ Վիգեն Սարգսյանն իրականում պաշտպանության առաջին նախարարը չէ, որ ձեռքն է առել խաչը։ Նրանից առաջ տարիներ շարունակ Մայր տաճարում Խաչի կնքահայր լինելու պատիվը վստահվում էր նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Բայց 2016թ-ին Ջրօրհնեքի Խաչը պահելու պատիվն Ամենայն Հայոց կաթողիկոսը վերապահեց ԼՂՀ Պաշտպանության բանակի այն ժամանայ դեռևս գնդապետ Ջալալ Հարությունյանին: 2015թ-ին շատ ավելի մեծ արձագանք էր ստացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի խաչքավորությունը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ ՀՀ տարբեր եկեղեցիներում վերջին տարիներին խաչի քավորներ են եղել նաև ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Ռոբերտ Սարգսյանը։ Իսկ 2015թ-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խաչի կնքահայրը Գագիկ Ծառուկյանի թոռն էր` Ծառուկյանի դստեր և Կարապետ Գուլոյանի որդին: Եվ այս դեպքերում էլ քննադատությունների պակաս չկար։ Նախորդ տարի էլ Արարատի սուրբ Հակոբ եկեղեցու խաչի քավոր դարձավ Աշոտ Խաչատրյանը։ Այս տարի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու Ջրօրհնյաց խաչի քավոր դարձավ Արցախյան երեք պատերազմների մասնակից, Արցախի հերոս գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։ Ինչպես երևում է, այս տարի եկեղեցին խաչի քավորի ընտրության հարցում կանգ է առել պատերազմի մասնակիցների ու նրանց ծնողների թեկնածությունների վրա։


Արմինե Նավոյան

 
 
1/3798
bottom of page