Փաշինյանի PR-ի «փուչիկը»․ զոհեր՝ սահմանին

Երեկ կեսօրից սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ հայկական կողմի երկու զոհ ունի, մեր հավաստի աղբյուրները ուշ երեկոյան հայտնել են երրորդ զոհի մասին, սակայն ՊՆ-ն առայժմ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը։ Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին։ Վարդենիսի տարածաշրջանի սահմանային հատվածներն են երեկ կրակի տակ հայտնվել, Վերին Շորժայից բացի, նաև Նորաբակում է իրավիճակը լարված եղել։
Ավելորդ չէ նշել, որ նախորդ օրն ադրբեջանական կողմը սադրիչ գործողությունների էր դիմել նաև Արցախում։ Ըստ ամենայնի, գործ ունենք ղազախական դեպքերի արձագանքի հետ։ Պաշտոնական Անկարան ու Բաքուն անթաքույց դժկամությամբ էին հետևում Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ակնհայտորեն ակնարկելով, որ դրանց արդյունքում թուլանում է թուրանական գործոնը։ Ենթադրելի էր, որ Ադրբեջանն ու Բաքուն ակտիվացնելու են կովկասյան ճակատը՝ Ռուսաստանի հետ, այսպես ասած, պայմանավորվածությունների դաշտ բացելու, Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու նպատակով։ Մյուս կողմից, ղազախական կամպանիայի օրերին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից արվել էին հայտարարություններ, որոնք գործնականում չէին սպասարկում Հայաստանի պետական օրակարգի որևէ հարց, ուղղված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության PR-ին, սակայն գրեթե ակնհայտորեն արժանանալու էին Բաքվի արձագանքին։ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմքով, հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները»։
Նման պոռոտախոսության, պաշտոնական Երևանին վերագրվող «առաքելության» համար իրական հիմքեր բացարձակապես գոյություն չունենին․ բոլորս ենք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Ղազախստանում և թե ինչու դրան օպերատիվ արձագանքեց ՀԱՊԿ-ն․ այդ հարցում Հայաստանի իշխանության դերակատարությունն արարողակարգային է, պրակտիկ առումով՝ զրոյական։ Բաքուն երեկ ցինիկ նախահարձակ է եղել մեկ պատճառով՝ ապացուցելու համար, որ ՀԱՊԿ մեխանիզմները Հայաստանի պարագայում շարունակում են անգործունակ մնալ։ Նիկոլ Փաշինյանի ղազախական PR-ն ընդամենն օրերի կյանք ունեցավ, սակայն դրա հետևանքը դարձյալ շատ ծանր էր՝ մեր պետության համար։
Վահրամ Բագրատյան




















