Փաշինյանի սկանդալային հայտարարությունը․ նա «ոչնչացրեց» ԱԳՆ-ն

Երեկ ԱԺ-ում խորհրդարան- կառավարություն ընթացիկ տարվա առաջին հարց ու պատասխանն էր ու Նիկոլ Փաշինյանը հասցրեց հանդես գալ սկանդալային հայտարարությամբ, որի հետևանքները դեռ քաղելու ենք։
Նա անդրադարձել է հայ- թուրքական երկխոսության գործընթացում Ռուբեն Ռուբինյան բանագնաց նշանակելու որոշմանը․ «Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը։ Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին»:
Փաշինյանն, ըստ էության, ոչ մի դրական խոսք չի ասել Ռուբինյանի քաղաքական, մասնագիտական որակների մասին ու բաց տեքստով ակնարկել է, որ ԱԺ փոխնախագահին նշանակել է բանագնաց, քանի որ չի հավատում, չի վստահում դիվանագիտական կորպուսին։ Սա ասում է մարդ, որ արդեն չորս տարի երկիր է ղեկավարում ու փաստորեն ինքնախոստովանական ելույթ է ուենանում այն մասին, որ այդ տարիների ընթացքում չի կարողացել ստեղծել արդյունավետ կառավարման համակարգ, լուծել քաղաքական իշխանության և դիվանագիտական կորպուսի ներդաշնակ աշխատանքի միջավայր։
Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման հարցում ԱԳՆ-ի դերակատարությունը զրոյական է, որովհետև այդ կառույցում «դավաճաններ» են։ Ավելին, ուղիղ տեքստով նշել է, որ Ռուբինյանը հաշվետու է իրեն, ԱԽ-ին ու դարձյալ չի տվել ԱԳՆ-ի անունը։ Փաշինյանի նման հայտարարությունից հետո՝ տրամաբանական կլիներ, որ հրաժարականներ ներկայացնեին ԱԳ նախարարը, բարձրաստիճան այլ դիվանագետներ, բայց շռայլություն է նման սկզբունքային կեցվածք ակնկալել մարդկանցից, որոնք սովորել են աշխատել պերմանենտ դարձած նվաստացման պայմաններում։
Փաշինյանի սկանդալային հայտարարության մյուս թիրախը ընդդիմություն է, որին վարչապետը դիմեց «այլ երկրների ազդեցության գործակալներ» պիտակով։ Ու այսքանից հետո, իշխանության ներկայացուցիչները զարմանում են, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ, իր հերթին, ԱԺ-ում «այլ երկրների ազդեցության գործակալներ» է փնտրում ՔՊ շարքերում։
Վահրամ Բագրատյան
