Պատգամավորից փոխմարզպետ, հիմա՝ համայնքապե՞տ․ ի՞նչ խնդիրներ է լուծել համայնքի համար ՔՊ-ական Մեխակյանը

Խոյ խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ԱԺ նախկին պատգամավոր, Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը։ MediaHub.am-ի հետ զրույցում Մեխակյանն իրենց անցկացրած քարոզարշավն արդյունավետ գնահատեց։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը՝ Մեխակյանն ասաց․ «Ես բավական բարձր եմ գնահատում մեր շանսերը, և դա ասում եմ ոչ թե մեծամտությունից ելնելով, այլ համայնքի բնակիչների ընդունելությունը, տարիների ընթացքում միմյանց հանդեպ փոխադարձ վստահությունը տեսնելով։ Բնական է, որ ամսի 5-ից հետո արդեն ընտրության արդյունքով դա հստակ կերևա»։ Անդրադառնալով համայնքում առկա խնդիրներին և իրենց առաջարկած լուծման ուղիներին, Մեխակյանը նշեց՝ կան խնդիրներ, որոնք համայնքային ենթակայության չեն․ օրինակ՝ ոռոգման ջուրը, որը համայնքային ենթակայության կառույց չէ, բայց, եթե իրենք հաղթեն, պատրաստակամություն են հայտնել աջակցել համայնքին օրենքով վերապահված հնարավորություններով։
«Բացի այդ, համայնքային ենթակայության չեն նաև էլեկտրասյուների, հոսանքի տատանումների հետ կապված խնդիրներ, որոնց դեպքում ևս նույն կերպ պետք է առաջնորդվենք։ Համայնքի ենթակայության խնդիրներին լավ ծանոթ ենք․ նախադպրոցական կրթությունը, մանկապարտեզների ոչ բավարար քանակը մեր առաջնային ծրագրերում են։ Այլ հարցեր ևս կան՝ կապված մշակույթ, սպորտի, ներհամայնքային ճանապարհների հետ»։ Հարցին՝ մինչև ընտրապայքարն ԱԺ պատգամավորի կամ փոխմարզպետի պաշտոնում իր մատնանշած խնդիրներից որո՞նց լուծման ուղղությամբ է քայլեր ձեռնարկել, կամ այլ ի՞նչ խնդիրներ է լուծել, Մեխակյանը պատասխանեց․
«Չեմ ուզում գերագնահատել իմ անձը, բայց այդ խնդիրների շուրջ պատկան մարմինների հետ ունեցել ենք քննարկումներ։ Ես իմ պատգամավոր եղած ժամանակ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել մարզպետի հետ։ Համայնքային այցերի ընթացքում գրանցել եմ բոլոր խնդիրները, քննարկել մարզպետի հետ։ Մի շարք ծրագրեր են ներդրվել այդ համայնքներում։ Օրինակ՝ համաշխարհային բանկի և համայնքի 10 տոկոս համաֆինանսավորմամբ եղել է ոռոգման ջրի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր։ Այսօր մի քանի համայնքներում նման աշխատանքներ են իրականացվում։ Շատ դեպքեր են եղել, որ բնակիչներն անձնական խնդիրներով են դիմել, որոնց ևս փորձել ենք լուծում տալ։ Մի քանի համայնք ընդգրկված է դպրոցների կամ սպորտհամալիրի վերակառուցման, գույքով համալրման ծրագրերի մեջ, որոնք 2022թ-ի բյուջեում ներառված են»։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքների մասին երբևէ չի խոսվել, քանի որ համարում է՝ դա, ի պաշտոնե, իր պարտականությունն է։ Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ համայնքապետի պաշտոնի համար իշխանության ընտրությունը կանգ առավ իր վրա՝ Մեխակյանը պատասխանեց․
«Նախնական քննարկումները 2020թ-ի ամռանն են եղել, նույնիսկ այդ ժամանակ էլ է քննարկվել իմ թեկնածության հարցը, բայց դրանից հետո հաջորդած գործընթացների հետևանքով պրոցեսը կանգ էր առել, բայց հիմա, երբ գործընթացը գնաց առաջ և հստակեցվեց, որ պետք է հանրապետությունում ամբողջությամբ խոշորացման ծրագիրը ներդրվի, այդ ժամանակ արդեն առարկայական քննարկումներ եղան, ինձ առաջարկ եղավ, և ես համաձայնեցի»։
Արմինե Նավոյան




















