Փրկիչ դառնալը՝ առաքելություն․ ինչպես են իշխանականները հայտնվում նետվել ցանկացողների կողքին

Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների՝ երևանյան կամուրջներից ցած նետվելու դեպքերին իշխանության ներկայացուցիչների՝ ինչ-որ զուգադիպությամբ միջամտելու դեպքերը։
Օրինակ՝ երեկ լրահոսը ողողվեց նյութերով, որ «Հաղթանակ» կամրջից նետվել ցանկացող վարդենիսցի տղամարդուն փրկելու համար նույն կամրջին էր հայտնվել Վարդենիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Համատեղ ջանքերով իշխանության ներկայացուցիչները կարողացել էին տղամարդուն հետ պահել ինքնասպան լինելուց։
Նման դեպք էր եղել նաև ապրիլին, երբ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել էր Հաղթանակ կամրջից նետվել ցանկացող քաղաքացու ինքնասպանության դեպքը։
Նման քայլով էր աչքի ընկել նաև նախկին իմքայլական պատգամավոր Գոռ Գևորգյանը, որը կանխել էր 40-ամյա տղամարդու՝ Կիևյան կամրջից նետվելու փորձը։
Վերջերս նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր երկու քաղաքացիների կյանք փրկել, բայց՝ ինքնաթիռում։ Նա ամբողջ թռիչքի ժամանակ բժշկական օգնություն էր ցուցաբերել 2 ուղևորների։
2020-ի օգոստոսին էլ Հաղթանակ կամրջից նետվել ցանկացող երկու քաղաքացիների այդ քայլից հետ էր պահել ներկա ԱԺ նախագահ, այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ 2018-ին, օրինակ, Հաղթանակ կամրջից նետվելու փորձ իրականացնող քաղաքացուն նման քայլից հետ էին պահել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Նաիրա Զոհրաբյանը տեսել էր ինքնասպանության փորձ անող երիտասարդին և զանգել Վահե Էնֆիաջյանին։
2020 թվականի օգոստոսին էլ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն էր կանխել 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը։
Նարե Գևորգյան




















