top of page

Քաղաքացիական պատերազմի սպառնալիքը՝ Փաշինյանի կրեդոն

Nov 20, 2022
1 min read


Հիշո՞ւմ եք հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը սպառնում էր, որ կամ ինքը կընտրվի վարչապետ, կամ էլ՝ երկիրը վարչապետ չի ունենա։ Սա քաղաքական շանտաժ էր, որից քաղաքացիական պատերազմի հոտ էր փչում, որովհետև դրված էր ամեն գնով իշխանության գալու խնդիր, եթե նույնիսկ դա հնարավոր չէ ապահովել լեգալ գործիքներով կամ ընթացակարգերով։ Փաշինյանի հայտարարությունը հռետորական չէր, որովհետև հանրապետական պատգամավորների «դագաղների» բեմականացմանը կարող էին փոխարինել իրական դագաղները։


Փաշինյանը դեռ 2008-ի մարտի 1-ին ապացուցել էր, որ «կարմի գծեր» հատելու հարցում որևէ բարդույթ չունի։ Արդյո՞ք քաղաքացիական պատերազմի կոչ չէր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևողական հռետորաբանությունը, քաղաքականությունը՝ հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանվելու հարցում։ Օխլոսն ուզում էր «նախկինների», պարզապես հաջողված ու ունևոր մարդկանց արյուն, Փաշինյանը կառավարում է ամբոխի այդ բնազդը ու դեռ հայտնի չէ՝ ինչ կլիներ, եթե պատերազմ տեղի չունենար։ Համենայն դեպս, քաղաքական քինախնդրության ու կուլակաթափության գործընթացն ամբողջ թափով ընթանում էր։


Պատերազմից հետո Փաշինյանը չվերանայեց քաղաքացիական պատերազմ հրահրելու իր վարքագիծը, երբ օխլոսին «պատերազմելու» կոչ էր անում՝ միայն իրեն հայտնի «էլիտաների» դեմ։ Արտառոց է, սակայն փաստ՝ երկրի ղեկավարը պատրաստ էր ինքնահռչակվել՝ որպես լյումպենի առաջնորդ, երկիրը տանել ցնցումների ճանապարհով, միայն թե՝ պահպանի իշխանությունը։ Հիմա ի՞նչ է կատարվում։ Քաղաքացիական պատերազմի լոկալ օջախներ են հրահրում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները՝ նրա իմացությամբ, ոստիկանության մասնակցությամբ, ռեպրեսիվ ողջ մեքենայի աջակցությամբ։ Ի՞նչ անուն տաս Վարդենիսի ՔՊ-ական պարտված քաղաքապետի վարքագծին, որը պատրաստ է առանձին վերցրած մի համայնքում սահմանադրական կարգ տապալել, արյուն թափել՝ իշխանությունը պահելու համար։ Փաշինյանի կադրերն ընդօրինակում են նրան՝ վարքագծով, խոսույթով, «կարմիր գծեր» հատելու իրենց ցինիզմով։

 
 
1/3798
bottom of page