top of page

ՔՊ-ում տարբեր խմբավորումներ են, որոնք սպասում են առիթի, որ միմյանց ոչնչացնեն. քաղտեխնոլոգ

Nov 20, 2022
2 min read


Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում փաստեր ներկայացրեց՝ ցույց տալով, որ այսօրվա իշխող ուժն արդեն ՀՀԿ-ական մեթոդոլոգիայով աշխատող քաղաքական թիմ է և այլևս կապ չունի հեղափոխական արժեքների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնեց, և այսօր նա պաշտոնանկ արվեց։ Մինչ այդ նա իր ելույթում բավական սկանդալային հայտարարություններով հանդես եկավ՝ նշելով, որ ՔՊ-ն փորձում է սեփականաշնորհել հեղափոխությունը, որ հեղափոխական գաղափարակիցները իշխանության գալով, ըստ էության հետո գաղտնի որոշումներով բարելավել են իրենց նյութական վիճակը՝ նախարարների աշխատավարձը դարձնելով 1,5 մլն, իսկ փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ, որ իրեն պարտադրում էին ֆեյսբուքյան լայքերի համար մարդկանց ազատել աշխատանքից, դիմում տարբեր կոռուպցիոն առաջարկներով։

Դիտարկմանը, որ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսվեց միայն «Հայկական ժամանակ»-ի այն հոդվածից հետո, որտեղ նշվում էր, թե Հայկ Մարությանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, քաղտեխնոլոգը նկատեց՝ իշխանություններին ընդամենը առիթ էր պետք։

«Քանի որ երկրի գլխավոր իշխանավորն ուղղակի կենսաբանական ատելություն ունի երկրորդ նախագահի նկատմամբ և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ սևերի ու սպիտակների թեզն էր աշխատեցրել, իրեն թվում էր, որ հիմա էլ կարող է դա անել։ Փորձեց իրեն ներկայացնել սպիտակ, իսկ քաղաքապետին ներկայացնել սև՝ նույնականացնելով երկրորդ նախագահի հետ։ Դա պրիմիտիվ փիառ էր, որն ընդհանրապես չաշխատեց»,-նշեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը նշում է, որ Երևանի ավագանին ու քաղաքապետը Հայաստանի վարչական ռեսուրսի փաստացի 50 տոկոսն են, և այդ ռեսուրսը չի կարող չլինել Հայաստանում ձևավորված անձնիշխան համակարգում։ Արմեն Բադալյանի խոսքով վարչապետը կառուցում է ոչ թե ժողովրդավարություն, այլ անձնիշխան համակարգ, ինչը նշանակում է, որ ամեն ինչ անձամբ իրեն պետք է ենթարկվի ու իր համար ծառայի։

«Քաղաքապետի հետ կապված խնդիր կար, որը փաստորեն լուծվեց։ Պետք էր, որ Երևանը մտնի անձնիշխան համակարգի մեջ, ենթարկվի կոնկրետ մեկ մարդու, և որ գարնանը սահմանադրական հանրաքվեի ժամանակ ծառայի համապատասխան տոկոսներ բերելուն»,-նշեց քաղտեխնոլոգը։

Վերջինս նկատում է՝ Հայկ Մարությանը շատ հանգիստ ցույց տվեց, որ այսօրվա քաղաքական թիմը դարձել է նույնը, ինչի դեմ, որ պայքարում էր։

Դիտարկմանը, որ այդ մասին բազմիցս խոսել են նաև ընդդիմադիրները, Արմեն Բադալյանը նշեց, որ այս պարագայում տարբերությունն այն է, որ այդ մասին ասում է հենց իրենց թիմի անդամը։

«Երբ ասում է ընդդիմության գործիչը, ընդդիմություն է ու պարզ է, որ պետք է մեղադրի, բայց երբ իրենց թիմի կարկառուն ներկայացուցիչն է դրա մասին խոսում, դա արդեն ուրիշ է։ Դրա համար այդքան ցավագին ընդունվեց»,-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Հայկ Մարությանի դեմ նաև քրեական հետապնդում կարող են սկսել։ Իշխող քաղաքական թիմը Մարությանի ելույթից հետո արդեն իսկ հարձակում է գործել նրա վրա։

«ՔՊ-ում տարբեր խմբավորումներ են, որոնք սպասում են առիթի, որ միմյանց ոչնչացնեն և ամբողջ իշխանությունն իրենց ձեռքը կենտրոնացնեն։ Իրենց պետք է մարդ, որն իրենց կարգադրությանը կենթարկվի»,-նշեց Արմեն Բադալյանը։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը, քաղտեխնոլոգը նշեց, որ չի կարծում իշխող թիմը կգնա արտահերթ ընտրությունների, քանի որ այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք ավագանիում փոքրամասնություն կկազմեն։

 
 
1/3798
bottom of page