ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքը «մղձավանջ» է Արևմուտքի համար

Չինաստանի և ՌԴ-ի բարեկամական կապերը չեն թուլանա՝ անկախ միջազգային հարթակում տեղի ունեցող իրադարձություններից: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին:
Ռուս-չինական հարաբերությունները վերջին քսան տարվա ընթացքում ակտիվ զարգանում են: ՌԴ-ն նավթ և գազ է մատակարարում Չինաստանին, չինական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռուսական բիզնեսի համար: Չինաստանն ունի աճող տնտեսություն և զգում է ռուսական էներգակիրների, այլ ռեսուրսների կարիքը:
Դրան զուգահեռ, երկրները ժամանակ առ ժամանակ անցկացնում են համատեղ զորավարժություններ՝ այդ կերպ Արևմուտքին ցուցադրելով իրենց միասնականությունը:
Չինաստանի համար կարևոր է ունենալ վստահելի դաշնակից, գործընկեր՝ ի դեմս հարևան ՌԴ-ի: Արևմուտքի հետ սուր հակասություններ ունեցող ՌԴ-ն էլ, իր հերթին, հենվում է Չինաստանի վրա՝ չինական ներդրումների, չինական շուկայի՝ ռուսական նավթագազային ռեսուրսներն արտահանելով Չինաստան:
Նշենք, որ Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունը միտված է իր հիմնական գեոպոլիտիկ հակառակորդների՝ ՌԴ-ի և Չինաստանի թուլացմանը, ազդեցության նվազեցմանն ու Չինաստանի պես հզոր տնտեսական մրցակցին հարվածելուն:
Արևմուտքը ՌԴ-ի և Չինաստանի շուրջ ստեղծում է բուֆերային գոտիներ՝ երկրների կոալիցիաներ, որոնք պետք է վարեն հակառուսական և հակաչինական քաղաքականություն: Արևմուտքը Չինաստանի ազդեցության թուլացման համար ռազմավարական, դաշնակցային կապեր է պահպանում Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի հետ, իսկ ՌԴ-ի դեմ պայքարում հենվում է հետխորհրդային այն երկրների վրա՝ Ուկրաինա, Վրաստան, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին:
Ռուս-չինական կապերն ամրապնդվելու են՝ տնտեսական առումով դա ձեռնտու է թե Մոսկվային, թե Պեկինին, իսկ քաղաքական առումով ՌԴ-ն և Չինաստանը միասնական ճակատով պայքարելու են Արևմուտքի դեմ և հակազդելու են հակառուսական և հակաչինական քայլերին:
Գեոպոլիտիկ առումով ՌԴ-Արևմուտք հարաբերությունների սրացման պարագայում Մոսկվան սերտացնում է կապերը Պեկինի հետ, ինչն առաջացնում է Արևմուտքի անհանգստությունը, իսկ Չինաստան-ԱՄՆ կամ Չինաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացման պարագայում Պեկինը ռուսամետ մեսիջներ է հղում: ՌԴ-Չինաստան դաշինքն Արևմուտքի համար ռազմա-քաղաքական, տնտեսական «մղձավանջ» է, քանի որ ռուսական բնական ռեսուրսներն ու չինական տեխնոլոգիաներն իրական գլոբալ մրցակցություն են ստեղծելու Արևմուտքի համար երկարաժամկետ հեռանկարում:
Արտյոմ Բալասանով




















