top of page

ՌԴ-ն ուկրաինական հարցում կարող է հայտնվել ցուգցվանգի իրավիճակում

Nov 20, 2022
2 min read


Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի RC-135 Rivet Joint ռազմավարական հետախուզական օդանավն առաջին անգամ թռիչք է կատարել Ուկրաինայի երկնքում: Նշվում է, որ ավելի քան չորս ժամ ամերիկյան ինքնաթիռը սավառնել է Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերի երկնքում։ Ուկրաինայի օդային տարածքում օդանավը մնացել է վեց ժամից ավելի։


Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինային և այն վերածել հակառուսական պլացդարմի՝ չնայած Մոսկվայի բազմաթիվ զգուշացումներին, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ ՌԴ-ի ազգային անվտանգության սպառնալիք է և «կարմիր գիծ»: Մոսկվան չի կարող թույլ տալ ՆԱՏՕ-ական Ուկրաինա ռուսական սահմանների երկայնքով: Ուկրաինան նաև սևծովյան երկիր է և ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում Սև ծովը գրեթե ամբողջությամբ վերածվելու է ՆԱՏՕ-ական ծովի: Չմոռանանք, որ սևծովյան մեկ այլ երկիր՝ Վրաստանը, նույնպես ցանկանում է անդամակցել Դաշինքին:


Ռուսական կողմը զինված ուժեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին` որպես հստակ «մեսիջ» թե Արևմուտքին, թե Ուկրաինային՝ Դոնբասում վիճակը չապակայունացնելու և Ղրիմի դեմ հնարավոր ռազմական սադրանքները բացառելու համար: Ամերիկյան կողմը հետախուզական օդանավ է ուղարկել՝ ռուսական հնարավոր ռազմական նախապատրաստությունների մասին տեղեկություններ ստանալու համար:


Ուկրաինան հստակ հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին՝ իր արտաքին քաղաքականության մեջ 180 աստիճանով շրջվելով դեպի Արևմուտք: ՌԴ-ի համար Ուկրաինան ունի ռազմավարական նշանակություն, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո իր տարածքում կարող է տեղակայել ամերիկյան զորքեր, միջուկային զենք և ամերիկյան հակահրթիռային համակարգեր, որոնք լրջագույն սպառնալիք են ՌԴ-ին:


Իրավիճակն Ուկրաինայում շարունակելու է մնալ լարված, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում հետ կանգնել՝ Ուկրաինան իր ազդեցության գոտի բերելու ռազմավարությունից, իսկ Մոսկվան զգուշացնում է, որ Ուկրաինան չպետք է վերածվի հակառուսական պլացդարմի: Այսպես, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե համապատասխանեն Դաշինքի պահանջներին: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նշել է, որ իրենք չեն պատրաստվում հետ կանչել Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը:


ՌԴ-ն ուկրաինական ուղղության վրա կարող է հայտնվել ցուգցվանգի իրավիճակում՝ չմիջամտելն Ուկրաինայի հարցում, կարող է այդ երկիրը վերածել ամերիկյան հենակետի՝ ընդդեմ ՌԴ-ի, իսկ ռազմական միջամտությունը կարող է մեծ կորուստներ պատճառել՝ ռազմական, տնտեսական առումով՝ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառելու, իսկ աշխարհաքաղաքական առումով՝ Արևմուտք-ՌԴ հակասություններն ավելի կսրվեն:


Արտյոմ Բալասանով

 
 
1/3798
bottom of page