ՌԴ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմը սատարել է ֆին պատգամավորին

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը սատարել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորին, որը մեղադրվում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին ասվում է Քրիստոնեական միջկրոնական խորհրդատվական կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի կայքում։
«Մենք աջակցում ենք այն քրիստոնյաներին, ովքեր, չնայած լիբերալիզմի ուժգնացմանը, հավատարիմ են իրենց հավատքի ավանդական սկզբունքներին եւ չեն հրաժարվում աստվածաշնչյան բարոյական արժեքները պաշտպանելուց: Մենք միանում ենք բոլոր եղբայրներին եւ քույրերին, ովքեր հաստատապես պաշտպանում են ավետարանի ճշմարտությունը եւ չեն կորցնում հույսը, որ բանականությունը կհաղթի ժամանակակից համաշխարհային հանրությունում, եւ կհաղթի արդարությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պատգամավոր Պյայվի Ռյասանենը մեջբերել է Պողոս առաքյալի խոսքերը հռոմեացիներին ուղղված նամակից այն մարդկանց մասին, ովքեր «պղծել են իրենց մարմինները»։ Հայտարարության հեղինակների կարծիքով՝ ժամանակակից աշխարհում ճշմարտության հասկացությունը փոխարինվում է բազմակարծության հայեցակարգով, «այսինքն՝ ճշմարիտ եւ կեղծ կարծիքները գտնվում են նույն հարթության վրա»։ «Արդյունքում բարու եւ չարի սահմանը խախտվոիմ է։ Սակայն քրիստոնյաների համար հենց Աստվածաշունչն է մնում այն փարոսը, որին նրանք կոչված են կողմնորոշվելու...»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Համատեղ հայտարարությունն ընդունել են Ռուս Ուղղափառ Եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը, Ռուսաստանի Ավետարանական Լյութերական եկեղեցին, Ավետարանական քրիստոնյա բապտիստների ռուսական միությունը, Ավետարանական հավատքի քրիստոնյաների միացյալ ռուսական միությունը, Ավետարանական հավատքի քրիստոնյաների ռուսական եկեղեցին եւ Յոթերորդ Օրվա Ադվենտիստների եկեղեցին։




















