Սերժ Սարգսյանին շինծու մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունը շեղում է հասարակության ուշադրությունը

Սա բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական խղճուկ մեղադրանքն է և ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։
«Մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ, և հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանևրն է իրականացնում այս խղճուկ իշխանությունը»,- ասաց նա։
Նա շեշտեց, որ Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ այդ թվում՝ կալանավորվելուց։
«Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն, նա բազմիցս նշել է, որ պատրաստ է։ Բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, այս իշխանությունը շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով, և այս շինծու մեղադրանքը դրա վառ ապացույցն է», - ասաց Էդուարդ Շարմազանովը։




















