Եկել է ժամանակը, որ ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
- Arevik Charchyan
- Apr 10, 2024
- 1 min read

Որպես ՀՀ վարչապետ, ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել, որ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա:
Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հստակ պատասխանի կարիք է զգում հետեւյալ հարցը՝ իսկ ո՞րն է իրական Հայաստանը:
Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ ու այս փաստի գիտակցումով միջազգային հանրության լիարժեք ու հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված չափանինշներին: Սա կարեւոր է բոլոր դեպքերում: ԵՎ նույնիսկ քո հարեւանների, ուրիշների անհամապատասխան պահվածքը չի կարող արդարացնել քո անհմապատասխան պահվածքը: Հատկապես քո շահերից բխում ընտրությունը՝ ապրել կանոններով, թե՞ առանց կանոնների: Եթե առանց կանոնների, այդպես կարող են վարվել նաեւ քո նկատմամբ: Ինչ խոսք, քո հանդեպ կարող են այդպես վարվել նաեւ այն պարագայում, երբ դու որդեգրել ես կանոնավոր պահվածք, բայց եթե առաջին դեպքում կանոնրը չկա քեզ պաշտպանելու համար, երկրորդ դեպքում դու ունես կանոնը որպես պաշտպանության գործիք:
Եվ այսպիսով, իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քկմ տարածք ունեցող երկիրն է:
Ընդ որում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել ու ընդունել: Որքան էլ զավեշտական հնչի` այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել ու չենք գիտակցել այս փաստը»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ եկել է ժամանակը, որ ինքներս ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: