Սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը

Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրներին։
«Նախորդ օրը հայտնի դարձավ, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,- գործակալությանը հայտնել է զրուցակիցը։
Նրա խոսքով, շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:




















