Մանկավարժական համալսարանը ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էին խորհրդի 20 անդամից 18-ը։
Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։
Նա ներկայացրել է իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր ուղղեցին բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ է ունեցել խորհրդի 7 անդամ, ձևավորվել է հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ։ Անդամներ են ընտրվել բուհի պրոֆեսորներից Սամվել Պիպոյանը և ուսանողուհի Արմինե Հարությունյանը։
Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն են հայտնել ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։
Նիստի երկրորդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընտրել ռեկտորի նոր պաշտոնակատար։ Նա ներկայացրել է բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չի առաջադրվել։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդեց Ժաննա Անդրեասյանին՝ նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։
Սրբուհի Գևորգյանին հրավիրել են նիստին և տեղեկացել խորհրդի որոշման մասին։ Ապա ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16 կողմ ձայներով (խորհրդի 2 անդամ հեռացել էր նիստից), Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար։




















