Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվել է շրջափակման մեջ․Կապանն ու 4-5 գյուղ անանցանելի կդառնան

Կապանում ադրբեջանցիները նոր հենակետեր են փորձում տեղադրել։ Սյունիքի միջպետական ճանապարհին` Ճակատենում ադրբեջանցիների կուտակում կան։ Թշնամին մի նոր հենակետ է տեղադրում Սյունիքում։
Այդ նոր հենակետի տեղակայումը նոր ռիսկեր է ստեղծում հայկական մի քանի բնակավայրի համար՝ Ճակատեն Շիկահող, Սրաշեն Ներքին հանդ, Ծավ համայնքների համար։
Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի համայնքապետը նշել է․ որ Ժամը 19:00-ի մոտ գնացել է գյուղ,վերադառնալիս տեսել է, որ մոտ 4-5 հոգի աշխատում էին, բահերով ինչ-որ բաներ էին անում։ Սակայն չի կարողացել կանգնել ու նայել՝ ինչ են անում, իսկ հետ գալիս տեսել է կռունկ, բեռնատար մեքենաներ, 15-20 ադրբեջանցի զինվորականներ՝ ոմանք բահերով, ոմանք՝ զենքերով, աշխատանքներ էին անում, սակայն չի կարոացել կանգնել ու նկարել։ Ռուս սահմանապահներ էլ են եղել
կանգնած։
«Քիչ առաջ վիդեո տեսա, արդեն ռուս սահմանապահներ չկային, Ադրբեջանից զինվորներ՝ մասկեքով, տնակ էլ կար, բայց էդ տնակը տեղադրելու իմա՞ստը, ի՞նչ է լինելու առավոտ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Առավոտ, ինձ թվում է, պարզ կլինի», -ասել է Ճակատենի գյուղապետը։
Գյուղապետի խոսքով՝ Կապան քաղաքը, Ճակատենը և 4-5 գյուղ կարող են անանցանելի դառնալ։ «Եթե անցակետ դրվեց, չգիտեմ՝ ո՞նց ենք անցնելու։ Չգիտեմ՝ անցակետ կդնեն, թե ոչ, բայց դրան է տանում, տնակ ինչո՞ւ են դնում։ Այս պահին այլընտրանքային ճանապարհ չունենք, ընթացքի մեջ է, տեխնիկան բերել են, որ աշխատեն», - հավելեց նա։
Նա նշում է, որ Տաթևից այլընտրանքային ճանապարհ չի կարող լինել, իսկ հնարավոր այլընտրանքային ճանապարհը պետք է լինի Ճակատենի մեկ այլ մասով, սակայն նույնիսկ գրունտային ճանապարհ դեռ չկա դեպի Կապան, «զրոյից» պետք է այն կառուցվի։ «Բայց ե՞րբ կլինի ճանապարհը։ Համակարգչով չես սարքում ճանապարհը, տեխնիկա պետք է աշխատի, չգիտենք՝ երբ կլինի։ Գիտեմ, որ մարդիկ են եկել, Սուրեն Պապիկյանն է եկել, տեխնիկայի մի մասը բերել են, բայց դեռ եղանակային պայմանները խանգարում են։ Դեռ լրիվ թափով չեն սկսել, բայց որ սկսեն, ե՞րբ կվերջացնեն։
Առավոտ կարող է՝ զարթնես, փակ լինի ճանապարհը։ Առավոտ 7 անց կես պարզ կլինի։ Բայց ճանապարհը բաց էր, ես 2 անգամ գնացել-եկել եմ։ Այնպես էլ չէ, որ առաջվա նման 1 հոգի է կանգնած ճանապարհին, գնալուց 4-5 հոգի էին, գալուց՝ 20-ից ավելի։ Դա է ինձ անհանգստացնում, իրենք [ադրբեջանցիները] շատ հանգիստ են», - ասաց Ճակատենի ղեկավարը։
Հավելենք նաև, որ Մ17 միջպետական ճանապարհի Կապան-Ճակատեն ավտոճանապարհահատվածում՝ թշնամու տեղադրած նոր հենակետում, ծառայություն են իրականացնում ավելի քան 15 զինված ադրբեջանցի զինծառայողներ: Ադրբեջանական հենակետը տեղադրվել է այսօր երեկոյան ժամերի:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից առ այժմ որևէ մեկնաբանություն չի տրվել այդ մասին։




















