Թալիբները ջախջախել են Աֆղանստանի արևելքում մարդկանց առևանգած ավազակախմբին

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ուժայինները ոչնչացրել են զինված հանցախմբի առնվազն երկու անդամների, որոնք առևանգում էին մարդկանց արևելյան Նանգահար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադ քաղաքում։
Ինչպես չորեքշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թալիբների կողմից ձևավորված Գլխավոր հետախուզական վարչությանը, բանդան ոչնչացվել է հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում։
«Ջալալաբադում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել առևանգողների հանցախմբի դեմ, ինչի հետևանքով սպանվել են հանցախմբի երկու անդամներ, այդ թվում՝ նրա առաջնորդ Թարիք Ջամիլը», - անվտանգության պաշտոնյաների խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Անվտանգության ուժերը ձերբակալել են հանցախմբի անդամներից մեկին, հանցագործների թաքնված վայրում առգրավվել է զենք և զինամթերք։




















