Տավարի միս, թռչնի միս, հազար․ հայտնի են «Տաշիր պիցցա»-ում թունավորումների պատճառները

2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձից 35-ը 0-18 տարեկան է: Այդ մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․
«Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», 1-ը՝ «Արարատի», 2-ը՝ «Մարտունու», 4-ը՝ «Աբովյանի» և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ներ: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդներն օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից:
«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է «salmonella enteritidis», ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ:
Մանրէաբանական հետազոտության արդյունքում սննդամթերքի 16 նմուշից 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ «staphylococcus aureus», «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ «salmonella enteritidis»):
«Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է «salmonella enteritidis»:
ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ, լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։
Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքագրվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ, իսկ երկու՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։
Նոյեմբերի 5-ին՝ ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:
Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝
1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով, 2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, 3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով, 4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:
Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության»։




















