top of page

Ուկրաինան և Ադրբեջանը «վերակենդանացնում» են ՎՈւԱՄ-ը

Nov 20, 2022
1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիև այցի ընթացքում Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները տրանսպորտային միջանցքով միավորելու հարցը:


Ուկրաինան և Ադրբեջանը վերջին տասնամյակներին ակտիվացրել են երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ շեշտը դնելով տնտեսական, էներգետիկ նախագծերի, ինչպես նաև՝ գեոպոլիտիկ ընդհանուր շահերի վրա:


Նշենք, որ 2021թ.-ին ադրբեջանա-ուկրաինական ապրանքաշրջանառությունը հասել էր 866 միլիոն դոլարի: Ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում: Ալիև-Զելենսկի հանդիպման արդյունքներով ստորագրվել են նաև էներգետիկ, նավթագազային ոլորտում համագործակցության պայմանագրեր, որոնք ենթադրում են Ուկրաինայի տարածքում նավթավերամշակման հզորությունների ստեղծում:


Ուկրաինան հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, որպեսզի կարողանա նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից: Բացի այդ, Սև ծով-Կասպից ծով միջանցքի շնորհիվ ուկրաինական ապրանքները կարող են դուրս գալ Կենտրոնական Ասիա և Չինաստան, ինչպես նաև՝ այդ երկրներից ապրանքները տեղափոխվեն Ուկրաինա և Եվրոպա:


Ուկրաինան Բաքվին տարիներ շարունակ զենք և զինամթերք է վաճառել, իսկ արցախյան հարցում ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքվի համար Ուկրաինայի մեծ շուկան հետաքրքիր է իր նավթագազային և այլ ապրանքները սպառելու իմաստով, ինչպես նաև Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա դուրս գալու առումով: Ուկրաինայում է բնակվում նաև ադրբեջանական համայնքը, որը կապող օղակ է երկրների միջև:


Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Ուկրաինան ՎՈւԱՄ անդամ-երկրներ են, որոնք չեն ցանկանում միանալ ռուսական ինտեգրացիոն նախագծերին՝ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և Արևմուտքն այդ երկրները վերածում է բուֆերային գոտու՝ ընդդեմ ՌԴ-ի: Արևմուտքը լոբբինգ է անում ՎՈւԱՄ-ի հզորացումը՝ տնտեսական, էներգետիկ համագործակցության ընդլայնումն այդ կազմակերպության շրջանակներում, որպես այլընտրանք՝ ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին՝ Մոսկվայի կողմից առաջ մղվող հարթակներին:


Այսպիսով, Ուկրաինան և Ադրբեջանը մոտ ապագայում ընդլայնելու են երկկողմ շփումները բոլոր ոլորտներում՝ առաջին հերթին էներգետիկ և ռազմա-քաղաքական: Թուրքիան խորացնում է կապերն Ուկրաինայի հետ և այս համատեքստում նույնպես Ադրբեջանը ցանկանում է խորացնել կապերն այն երկրների հետ, որոնց հետ ընդլայնում է համագործակցությունը «մեծ եղբայր» Թուրքիան:


Արտյոմ Բալասանով


 
 
1/3798
bottom of page