Թշնամին Սև լճի տարածքում առաջ է եկել, մեր դիրքային կորուստներն էլ երկուսից ավելի են․ Վահե Հակոբյան

Սյունիքի մարզում մեր դիրքային կորուստները ոչ թե երկուսն են, այլ՝ ավելին, բացի այդ, հակառակորդը Սև լճի տարածքում առաջ է եկել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ հակառակորդը առաջխաղացում ունի նաև Իշխանասարի ուղղությամբ։
Հարցին, թե դիրքային ինչ փոփոխությունների մասին է խոսքը, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ, խոսքը 41 քկմ տարածքի մասին է։
«Հստակ տարածքային չափը չեմ կարող նշել, սակայն, ըստ երևույթին, խոսքը հենց 41 քկմ-ի մասին է»,- նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից նշեց` այդ 41 քկմ տարածքը մենք կորցրել ենք դեռ առաջին պատերազմից հետո, Վահե Հակոբյանն արձագանքեց, որ Փաշինյանն իր ստերի մեջ արդեն խճճվել է, ինքն էլ չգիտի, թե ինչ է խոսում։
«Մայիսի 12-ից մենք թշնամուն անարգել թողեցինք մեր տարածք։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտրարում է, թե չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մայիսի 12-ից հետո ինչո՞ւ որևէ մեկը չդատվեց՝ թշնամուն մեր տարածք անարգել թողնելու համար»,- ասաց նա։
Վահե Հակոբյանը նկատեց՝ հակառակորդը դիրքեր գրավելով ստանում է իր համար Սյունիքով միջանցքը, ինչի մասին խոսում է։
«Ընդ որում, այս տեմպով եթե շարունակվի, այդ միջանցքը լինելու է երկու տեղով՝ Սիսիանի հատվածով, Անգեղակոթ, Շաղատ գյուղերով դեպի Իշխանասար, որը հատում է Գորիս- Կապան ճանապարհը, իջնում է Անգեղակոթ, Շաղատ և մտնում Նախիջևան: Երկրորդ հատվածը՝ Զանգելանից դեպի Օրդուբադ՝ էլի Սյունիքով »,- եզրափակեց խոսքը Վահե Հակոբյանը։
Նարե Գևորգյան




















