Վարորդը ոչ սթափ վիճակում 7-ամյա տղայի է վրաերթի ենթարկել. վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 14-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը,
ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի՝ Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին, պատճառել նյութական վնաս և կողաշրջվել։
Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վարորդը դեպքի վայրից հեռացել է։
Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Արարատի բաժին է ինքնակամ ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, ով հայտնել է, որ վարորդը ինքն է։
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։




















