Հայաստանը չպետք է անկլավները տրամադրի Ադրբեջանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածում է, որ անկլավների հարցն ունի իրավական հիմք:
«Պետք է հասկանալ՝ անկլավներն ունե՞ն իրավական հիմք, թե՞ ոչ։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի», - նշել է Փաշինյանը:
Տավուշում անկլավներն ու Տիգրանաշենը(Քյարքի) ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի համար՝այդ անկլավներն ոչ մի պարագայում չպետք է տրվեն Ադրբեջանին, քանի որ անկլավները վերածվելու են ռազմական պլացդարմների: Այնտեղ կարող են տեղակայվել ադրբեջանական կամ թուրքական զորքեր, ինչպես նաև սիրիացի վարձկաններ:
Այդ անկլավների հանձնումն Ադրբեջանին թույլ կտա Բաքվին հսկողություն սահմանել հայ-վրացական միջպետական ճանապարհի նկատմամբ՝այն դիտարկել և պահել թիրախում՝դրանով խոչընդոտելով տնտեսական շփումները Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և ՌԴ-ի միջև, քանի որ հայկական ապրանքներն արտահանվում են ռուսական շուկա՝Վրաստանի տարածքով:
Դրան զուգահեռ, Ադրբեջանը կարող է կրակի տակ պահել Տավուշի գյուղերն այդ անկլավներից՝դատարկելով Տավուշը: Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, ապա այն կապող օղակ է Սյունիքի և ՀՀ մյուս շրջանների, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև: Այդ անկլավի տրամադրումը Բաքվին թույլ կտա ադրբեջանական կողմին հսկողություն սահմանել հայ-իրանական ճանապարհի նկատմամբ: Ցանկացած անկլավ Ադրբեջանը վերածելու է ռազմական հենակետի: Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է:
Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան չպետք է արվեն Արցախի հաշվին կամ ՀՀ-ից տարածքների զիջման գնով: Ադրբեջանը ցանկանում է առավելագույն տարածքային զիջումներ կորզել Երևանից՝կիրառելով այդ թվում իր զինված ուժերը, որպես ճնշման լծակ:
Հայաստանը չպետք է ռազմա-քաղաքական ճնշումների պարագայում գնա միակողմանի զիջումների: Հայկական բանակի վերականգնումն ու Բաքվի սադրանքները սաստելը նպաստելու են հայ-ադրբեջանական սահմանազատման հայանպաստ լուծմանը:
Այսպիսով, Հայաստանը չպետք է միակողմանի տարածքային զիջումների գնա հօգուտ Ադրբեջանի, քանի որ Բաքուն ցանկացած զիջում ընկալելու է, որպես թուլության նշան և նոր զիջումներ է պահանջելու: 44-օրյա պատերազմի արդյունքներից Բաքուն ցանկանում է քաղել առավելագույն օգուտներ՝այդ թվում Սյունիքի նկատմամբ ունենալով նկրտումներ: Անկլավների հանձնումը Բաքվին թույլ կտա Ադրբեջանին հսկողություն սահմանել հայկական «կյանքի ճանապարհների» նկատմամբ՝խաթարելով թե ռազմական, թե տնտեսական անվտանգությունը:
Արտյոմ Բալասանով




















