Ադրբեջան-Պակիստան կապերի խորացումը Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո է ձևավորում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Պակիստանի ԱԳ նախարար Մահդում Շահ Մահմուդ Քուրեշիի հետ: Պակիստանի ԱԳ նախարարն Ադրբեջանի հետ հարաբերություններն որակել է որպես եղբայրական և բարեկամական:
Պակիստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին տասնամյակում ինտենսիվորեն զարգանում են՝ ընդգրկելով ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտները: Կողմերը համատեղ զորավարժություններ են անցկացնում, իսկ Ադրբեջանը շահագրգռված է պակիստանյան ռազմական արտադրանքով:
Նշենք, որ Պակիստանի համար Ադրբեջանը գեոպոլիտիկ առումով ելք է դեպի Կովկաս, Կասպից ծով և կապող օղակ Թուրքիայի հետ: Պակիստանը միշտ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել արցախյան հարցում՝ չունի դիվանագիտական կապեր Հայաստանի հետ և 44-օրյա պատերազմի ընթացքում բոլոր գործիքակազմերով աջակցում էր Բաքվին:
Ադրբեջանը նույնպես կարևորում է միջուկային տերություն մահմեդական Պակիստանի հետ կապերի ընդլայնումը: Գեոպոլիտիկ առումով Պակիստանը մահմեդական աշխարհում ազդեցիկ երկիր է, տնտեսական տեսանկյունից ունի 200 միլիոնանոց շուկա, ինչը կարող է հետաքրքրել ադրբեջանական բիզնեսին: Հիշեցնենք, որ Թուրքիա-Պակիստան հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ և Ադրբեջանը, շարժվելով Թուրքիայի հետ միևնույն արտաքին քաղաքական ուղեծրում, իր հերթին, սերտացնում է կապերն Իսլամաբադի հետ:
Այսպիսով, Կովկասում, կասպյան տարածաշրջանում ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմա-քաղաքական եռանկյունին, կոալիցիան: Այդ կոալիցիայի առկայությունը պետք է անհանգստացնի առաջին հերթին Իրանին և ՌԴ-ին: Իրանի շուրջ ձևավորվում է Արևմուտքի հետ սերտ կապեր ունեցող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան միությունը, որը պայքարելու է իրանական գեոպոլիտիկ ազդեցության սահմանափակման դեմ՝ կատարելով ԱՄՆ-ի հրահանգները:
ՌԴ-ի համար վտանգավոր է թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքական ռազմավարությունն, իսկ Պակիստան-Ադրբեջան կապերի խորացման արդյունքում միջուկային տերություն Պակիստանը ամրապնդում է իր դիրքերը Կասպից ծովի ափին, Կովկասում, ՌԴ-ի հարավային սահմանների երկայնքով:
Ադրբեջանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով կապերն այն երկրների հետ, որոնք կարող են ռազմական արտադրանք մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաև՝ այն երկրների, որոնց հետ խորացնում է կապերը «մեծ եղբայր» Թուրքիան:
Արտյոմ Բալասանով




















