top of page

Չինաստանն ու թուրք-ադրբեջանական տանդեմը կյանքի են կոչում Արևելք-Արևմուտք միջանցքը

Nov 20, 2022
2 min read


Չինաստանի Հանսու նահանգից առաջին անգամ գնացք է ուղևորվել դեպի Վրաստան: Այդ մասին հայտնում է Չինաստանում Վրաստանի դեսպանատունը:


Չինաստանն ակտիվացնում է Մետաքսի ճանապարհի նախագծի կյանքի կոչումը, որի ուղղություններից մեկն անցնելու է Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով՝ դեպի ԵՄ, ինչպես նաև Սև ծովի երկրներ: Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Չինաստանը համատեղ իրականացնում են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը:


Ադրբեջանը ստեղծել է համապատասխան ենթակառուցվածքներ՝ երկաթգիծ դեպի Վրաստան և Թուրքիա, մեծացրել է Բաքվի նավահանգստի տարանցիկ հզորությունները, որպեսզի դառնա կապող կամուրջ՝ Չինաստանի և Թուրքիայի, Չինաստանի և եվրոպական շուկաների միջև: Արևելք-Արևմուտք էներգետիկ-տրանսպորտային միջանցքն անցնելու է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Վրաստանն իր հերթին չունենալով նավթագազային ռեսուրսներ՝ թուրք-ադրբեջանական ներդրումների շնորհիվ արդիականացրել է իր լոգիստիկան՝ տարանցիկ ծառայություններ մատուցելով Ադրբեջանին և այսօր արդեն կարողանում է ընդունել Չինաստանից եկող ապրանքներն ու դառնալ Չինաստանի պատուհանը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ:


Չինաստանը հետաքրքրված է կովկասյան տարածաշրջանով՝թե տնտեսական, թե առավել ևս գեոպոլիտիկ առումով՝ ներդրումներ իրականացնելով այս տարածաշրջանում:


Հայաստանն իր հերթին պետք է ակտիվացնի իր կապերն Իրանի հետ՝կյանքի կոչելով Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ բալանսավորելու համար Ադրբեջանի աճող տարանցիկ դերն ու դառնալով կարևոր միջանք ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի, եվրոպական երկրների համար, որոնք կարող են օգտվել Հյուսիս-Հարավ միջանցքից: Տարանցիկ ծառայությունները տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ են բերելու Հայաստանին՝մեծացնելով Հայաստանի դերն ու նշանակությունը գերտերությունների համար:


Չինաստանը բազմամիլիարդանոց ներդրումներ է իրականացնում Իրանում՝ Հայաստանը պետք է կարողանա չինական ներդրումներն ուղղել նաև հայկական տնտեսության մեջ՝ խթանելով թե տնտեսական ակտիվությունը, թե ավելացնելով իր նշանակությունը Չինաստանի պես գերտերության համար:


Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմը՝ հենվելով Վրաստանի տարանցիկ հնարավորությունների և լոգիստիկայի վրա, ինչպես նաև օգտագործելով Չինաստանի ներդրումային, տնտեսական հզորությունն ակտիվացնում է Արևելք-Արևմուտք էներգետիկ-տրանսպորտային միջանցքը: Հայաստանն իր հերթին այդ նոր մարտահրավերին պետք է պատասխանի ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ միջանցքը՝ ներգրավվելով ռուսական, իրանական, չինական, արևմտյան ներդրումներ: Լոգիստիկ հզոր ցանցի ստեղծումն երկրի ներսում թույլ կտա Հայաստանին այդ ենթակառուցվածքներն օգտագործել նաև բանակի, ազգային անվտանգության ամրապնդման, զորքերի ավելի օպերատիվ տեղաշարժման համար: Հյուսիս-Հարավ նախագծի կյանքի կոչումը Հայաստանի համար ունի ռազմա-քաղաքական նշանակություն:


Արտյոմ Բալասանով

 
 
1/3798
bottom of page