top of page

Վրաստանը փորձում է արգելափակել ՌԴ-ի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում

Nov 20, 2022
2 min read

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան տեղեկացրել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում։


Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը Թուրքիան եւ Ադրբեջանը համարում է ռազմավարական գործընկերներ, իսկ Հայաստանը՝ պատմական եւ բարի հարեւան:


Վրաստանը չի ցանկանում լինել ՌԴ-ի հետ մեկ ֆորմատում, քանի որ առկա են աբխազական և հարավօսական չլուծված հակամարտությունները: ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, տեղակայել է այնտեղ ռուսական զորքեր և սերտ ինտեգրացիոն գործընթաց է սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում:


ՆԱՏՕ ձգտող Վրաստանը, որը գտնվում է ԱՄՆ-ի ուժեղ ազդեցության ներքո, բոյկոտում է «3+3» ձևաչափն՝ այդ կերպ հարվածելով ռուս-թուրքական և ռուս-իրանական ինտեգրացիոն գործընթացներին Հարավային Կովկասում: Վրաստանի տարածքով են անցնում Արևմուտքի, ԵՄ-ի համար մեծ կարևորություն ունեցող նավթագազամուղերն ու Արևմուտքի շահերից է բխում, որպեսզի Վրաստանը չգնա խորը ինտեգրացիայի մի հարթակի շրջանակներում, որտեղ առկա է ՌԴ-ն:


ՌԴ-Արևմուտք հարաբերությունները խիստ լարված են և Հարավային Կովկասում Մոսկվայի դիրքերի ամրապնդումը չի բխում ԱՄՆ-ի շահերից: ԱՄՆ-ն օգտագործում է իր ազդեցությունը Վրաստանի վրա՝ այդ հարթակի շրջանակներում ինտեգրացիան խաթարելու համար:


Բացի այդ, Վրաստանը գիտակցում է, որ, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի գործարկման պարագայում թուրքական և ադրբեջանական ապրանքների մի զգալի մասն այլևս չի տարանցվելու Վրաստանի տարածքով, այլ անցնելու է Հայաստանի տարածքով:


Վրաստանի համար ձեռնտու է երկկողմ կապերը խորացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց Թբիլիսին համարում է ռազմավարական դաշնակիցներ և տարիներ շարունակ երեք երկրները կյանքի են կոչում համատեղ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, քան միանալ մի ֆորմատի, որտեղ առկա է ՌԴ-ն: Ռուս-վրացական հարաբերությունները մնալու են լարված այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը: Վրաստանն այդ հարցի կարգավորումը տեսնում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորման մեջ:


Թուրք-ադրբեջանական տանդեմն ունի մեծ տնտեսական, քաղաքական ազդեցություն Վրաստանում և կարող է շարունակել եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով համագործակցությունը:


Արտյոմ Բալասանով

 
 
1/3798
bottom of page