Ադրբեջանն ուռճացնում է միջանցքի գաղափարը՝ խոսելով ուժի կիրառման սպառնալիքների մասին. Գրիգորյան

Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում:
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը ուռճացնում է միջանցքի գաղափարը, բարձրաձայնում ուժի կիրառման սպառնալիքների մասին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Ըստ փոխվարչապետի, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան, կորցրել է ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք: Զոհվել է մի քանի հազար մարդ, վիրավորվել են այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է:




















