top of page

Յուպիտերի արբանյակ Եվրոպան մեկ օրում արտադրում է այնքան թթվածին, որը կբավարարի 1 մլն մարդու


Յուպիտերի համակարգն ասես Արեգակնային համակարգի փոքր տարբերակը լինի և հենց դրանով էլ գրավում է գիտնականների և հատկապես աստղակենսաբանների ուշադրությունը: Յուպիտերի մեծ արբանյակների մակերեսի սառույցի տակ կարող են թաքնված լինել օվկիանոսներ, որտեղ այլմոլորակային կենսաբանական կյանք կարող է լինել: NASA-ի Galileo զոնդը նաև բացահայտել է, որ Յուպիտերի արբանյակ Եվրոպայի վրա թթվածին է արտադրվում: Juno զոնդի նոր հետազոտությունը միայն ամրապնդել է գիտնականների համոզմունքը, որ թթվածինը կարող է հասնել այս արբանյակի վրա գտնվող օվկիանոս:

Ավելի քան 20 տարի առաջ Galileo-ի տրամադրած տվյալների հիման վրա Եվրոպայի սառցաշերտի կողմից արտադրվող թթվածնի ծավալի վերաբերյալ տարբեր գնահատականներ են եղել: Ըստ դրանց՝ այս մոլորակի մակերևույթից վայրկյանում մի քանի կիլոգրամից մինչև մեկ տոննա թթվածին կարող է արտադրվել: Եվրոպայի վրա թթվածինն ստացվում է Յուպիտերից եկող լիցքավորված մասնիկներից, քանզի այս արբանյակը գտնվում է գազային հսկայի ճառագայթային գոտիների կենտրոնում: Ճառագայթումը ջրի մոլեկուլը (արբանյակի մակերեսի սառույցը) տրոհում է ջրածնի և թթվածնի։ Զոնդի տվիչները հայտնաբերում են այս տարրերի իոնները և որոշում դրանց հոսքերի ինտենսիվությունը:

Ժամանակակից Juno զոնդի Jovian Auroral Distributions Experiment (JADE) գործիքը կարողացել է տվյալներ հավաքել արբանյակից լիցքավորված մասնիկների մասին, երբ այն 2022-ի սեպտեմբերի 29-ին թռել է Եվրոպայից 354 կմ բարձրության վրա: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները Nature Astronomy ամսագրում հրապարակված նոր հոդվածում, վերլուծությունը ցույց է տվել թթվածնի արտադրությունը Եվրոպայի վրա կազմում է վայրկյանում 12 կգ: Սա բավական է մեկ միլիոն մարդու 24 ժամ թթվածնով ապահովելու համար: Հավելենք, որ սարքերը չեն կարող ուղղակիորեն որոշել թթվածինը․ գնահատականն արվում է ատոմային ջրածնի մասնիկների գրանցման հիման վրա։

«Երբ NASA-ի Galileo առաքելությունը թռավ Եվրոպայի վրայով, այն բացեց մեր աչքերը այն առումով, թե Եվրոպան որքան բարդ ու դինամիկ փոխգործակցության մեջ է շրջակա միջավայրի հետ: Juno-ն նոր հնարավորություն ընձեռեց ուղղակիորեն չափելու Եվրոպայի մթնոլորտից արտանետվող լիցքավորված մասնիկների բաղադրությունը, և մենք անհամբեր սպասում էինք, որպեսզի ևս մեկ անգամ դիտեինք, թե ինչ է կատարվում այս հիասքանչ ջրային աշխարհի վարագույրից այն կողմ,- նշում են աշխատանքի հեղինակները,- Սակայն այն, ինչ մենք չէինք գիտակցում, այն էր, որ Juno-ի դիտարկումներն այդպիսի խիստ սահմանափակումներ կունենան Եվրոպայի սառցե մակերևույթի վրա արտադրվող թթվածնի ծավալի վերաբերյալ»:

Թթվածնի արտադրությունը մեկն է այն բաներից, որ կուսումնասիրի NASA-ի Europa Clipper առաքելությունը, երբ այն ժամանի Յուպիտերի համակարգ 2030-ին (սպասվում է, որ զոնդը տիեզերք դուրս կգա 2024-ի հոկտեմբերին): Զոնդը կունենա ինը գիտական ​​գործիք՝ բաղկացած բարդ սարքերից, որոնք կփորձեն պարզել, թե արդյոք Եվրոպան ունի կյանքի համար նպաստավոր պայմաններ: Նույնիսկ հիմա ակնհայտ է, որ թթվածնի մի մասը հայտնվում է ենթասառցադաշտային օվկիանոսում։ Հնարավոր է, որ այնտեղ կենսաբանական կյանք լինի: Ընդորում, Juno-ն դեռ չի սպառել իր գիտական ​​ներուժը, և թեև դրա հիմնական գիտական ​​աշխատանքն ավարտված է, այս սարքը դեռ կծառայի գիտնականներին։

Comments


1/1824
bottom of page