Ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալու կարգավիճակից
- Jan 29, 2024
- 1 min read

Կենտրոնական բանկից հայտնում են, որ վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Այն կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպիսի վարկային պատմություն ունեն: Ուստի, անհրաժեշտ է տեղեկանալ վարկային պատմության մասին՝ ստանալով Ձեր վարկային զեկույցը: Վարկային պատմության բարելավումը ժամանակ է պահանջում:
նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները,
ժամանակին կատարել Ձեր վարկային մարումները և բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը,
մինչ դիմելը ֆինանսական կազմակերպությանը և վարկ վերցնելը հստակ ձևակերպեք՝ ինչի համար եք վարկ վերցնում և որքան գումար եք ուզում: Կարճատև ժամկետում չափից շատ հարցումները Ձեր վերաբերյալ կարող է մեկնաբանվել այնպես, որ Դուք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք կամ վերցնում եք ավել գումար, քան կարող եք Ձեզ թույլ տալ
վարկային պատմությունը փոփոխման ենթակա չէ առնվազն հինգ տարի, այսինքն վարկային բյուրոն Ձեր վարկային զեկույցում չի ներառում Ձեր վերաբերյալ հինգ տարուց ավելի տեղեկատվությունը:
«Վատ վարկային պատմություն» ունենալ նշանակում է ունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ դասակարգված) վարկեր, կամ հանդիսանալ վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավորող: Այն պահին, երբ խնդրահարույց վարկերի մասին տեղեկատվությունն այլևս չի արտացոլվում վարկային զեկույցում, նշանակում է, որ Ձեր վարկային պատմությունը բարելավվել է, և դուք այլևս չեք ունենում «վատ վարկային պատմություն» ունեցողի կարգավիճակ: Դա հնարավոր է հետևյալ դեպքերում.
սկսած ներկա պահից՝ հինգ տարուց ավել ժամանակահատվածում վարկատուն Ձեր խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացրել,
եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է, և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված,
եթե Ձեր խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված է վերջնական մարման ամսաթիվ, որն ունի հինգ տարուց ավել վաղեմություն:




















