ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին Արթուր Վանեցյանի եղբորը` Կարեն Վանեցյանին հանձնելու միջնորդությամբ
- Feb 2, 2024
- 1 min read

Հայաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Ռուսաստան՝ երկրի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին արտահանձնելու համար:
«Կարեն Վանեցյանին արտահանձնելու վերաբերյալ հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Exoil Group հոլդինգի սեփականատեր, «Օլեյնա» ձեթի արտադրող ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը Հայաստանի և Շվեյցարիայի քաղաքացի է:
Հայաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել «փողերի լվացում» հոդվածով: Քննության տվյալներով՝ 2018 թվականին նա ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսը, որոնք, փաստորեն, պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Բաժնետոմսերի այս մասը գրանցվել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունում։ Նշվում է, որ բաժնետոմսերը Վանեցյանի կողմից ձեռք են բերվել փողերի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով:
Հունվարի 30-ին Կարեն Վանեցյանը ձերբակալվել էր Մոսկվայում, ավելի ուշ ազատ էր արձակվել:
Նրա փաստաբանական թիմը հայտնել է, որ Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ նա որևէ առնչություն չունի՝ ո´չ տեսական, ո´չ գործնական իմաստով: Փաստաբանները հայտարարել են, որ Վանեցյանին հեռակա կարգով կալանավորելու որոշումը Հայաստանում կայացվել է բազմաթիվ դատավարական խախտումներով, բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում, ոստի օրինական ուժի մեջ չի մտել:




















