top of page

Առանց արցախցիների մասնակցության հարցում՝ տեղահանվածների խնդիրների վերաբերյալ

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Հայաստանի քաղաքացիների շրջանում իրականացրել է հարցում՝ բռնի տեղահանվածների խնդիրների կառավարման հարցում ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուսումնասիրել է վերջերս հրապարակված հարցումների արդյունքները։ Ըստ նրա՝ հարցումը չի իրականացվել արցախցիների շրջանում, այլ ընդհանուր ՀՀ բնակիչների շրջանում, որոնց մեջ հնարավոր է նաև արցախցիներ են եղել։ 

«Հարցմանը մասնակցածների 66%-ը գոհ է բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարումից ու սա այն պարագայում, երբ բնակարանային երկարաժամկետ ծրագիրը, ըստ էության, ձախողված է, իսկ «40+10 հազար» ծրագիրը, ըստ տարածվող լուրերի, հունվարից գործելու է միայն հատուկ և խոցելի խմբերի համար։ Նույն խայտառակ իրավիճակն ունենք նաև աշխատանքի տեղավորման համար մեկնարկած ծրագրերի մասով։ Կարծում եմ՝ հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շրջանում գոհունակության այս ցուցանիշի պատճառներից մեկն այն է, որ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ այս պնդումը նաև ապացուցվում է այն հանգամանքով, որ գոհունակության տոկոսն ավելի բարձր է հատկապես գյուղական համայնքների բնակիչների շրջանում։

«Նրանց համար տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է։ Այնինչ, իրականությունն այն է, որ սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքացող մարդիկ ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը։ Վստահ եմ, որ տրամագծորեն այլ պատկեր կունենանք, եթե հարցումն իրականացվեր արցախցիների շրջանում»,- հավելեց Ստեփանյանը։

1/2332
bottom of page