Անընդունելի է, չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն. Տիգրան Ավինյան

Անընդունելի է, չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Իմ հանձնարարականով մեր վարչական շրջաններում, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, մեր վերահսկողության վարչությունը շրջայցեր են իրականացնում վարչական շրջաններում՝ տարբեր հատվածներում արձանագրելով ինքնակամ կառույցներ: Ուզում եմ հիշեցնել մեր վարչական շրջանների ղեկավարներին, որ դա առաջին հերթին իրենց և իրենց անձնակազմերի պատասխանատվությունն է:
Կարծում եմ խնդիր է, երբ մեր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, կամ էլ վերահսկողության վարչությունը գնում են, արձանագրում ինքնակամ նոր կառուցված շինություններ: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, որովհետև վստահեցնում եմ, յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն այսուհետ վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու, որովհետև ես չեմ կարող մի ձեռքով քանդել տալ բոլոր հատվածներում այդ ինքնակամ շինությունները, ու ձեր աչքի առջև նորերը հայտնվեն, դա անընդունելի է»,- նշել է Ավինյանը:




















