top of page

TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը

2 minutes ago
1 min read
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։

Վարչապետը պատասխանել է մոդերատորի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։


«Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հաջորդիվ Փաշինյանը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։


Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։

Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին՝ հավելելով, որ այն մեր երկրում հաջողությամբ զարգանում  է և համարվում է տնտեսության կարևոր մաս։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։


Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև Էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորություններին, կուտակիչ կայանների ձևավորմանը, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը միտված քայլերին վերաբերող հարցերի։

Խոսելով ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ հաստատվել է ռազմավարական գործընկերություն և ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը։


 
 
1/3799
bottom of page