Վրшցիները Ֆրանսիայում գողшցել են ռուս դասականների հազվագյուտ գրքերը. Նրանք կազատազրկվեն
- 5 hours ago
- 1 min read

Ֆրանսիայում Վրաստանի վեց քաղաքացի դատապարտվել է մինչև յոթ տարվա ազատազրկման՝ կապված եվրոպական խոշոր գրադարաններից ռուսական դասական գրականության հազվագյուտ հրատարակությունների մի շարք «անամոթ գողությունների հետ»։ Այս մասին գրում է Ֆրանսիական Le Monde պարբերականը։
Մեղադրյալները՝ հինգ տղամարդ և մեկ կին, մեղավոր են ճանաչվել դավադրության և մշակութային արժեքների գողության մեջ։ 49-ամյա Բեկա Ցիրեկիձեն ստացել է ամենախիստ պատիժը՝ նրա ներկայիս պատժին ավելացվել է չորս տարվա ազատազրկում։ Նա նախկինում Էստոնիայում դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման նմանատիպ հանցագործությունների համար։
Հանցագործների թիրախում էին 19-րդ դարի ռուս դասականների, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի և Միխայիլ Լերմոնտովի հազվագյուտ ստեղծագործությունները։ Գողացված գրքերի արժեքը գնահատվում է մի քանի մլն եվրո։
Ֆրանսիացի դատախազը շեշտել է, որ ավազակախումբը գործել է «մեծ ծավալով, կազմակերպված, հաշվարկված և ցինիկ ձևով»։ Կասկածյալները այցելել են գրադարաններ՝ ներկայանալով որպես հետազոտողներ։ Նրանք ուսումնասիրել են հրատարակությունները, լուսանկարել և չափել դրանք, ապա վերադարձրել և բնօրինակները փոխարինել բարձրորակ օրինակներով։
Քննիչները հատկապես հետաքրքրված էին Միխայիլ Զամտարաձեի գործով։ 2023 թվականի մարտից մինչև հոկտեմբեր ամիսները նա մոտ 40 անգամ այցելել է Ֆրանսիայի Ազգային գրադարան՝ խնդրելով Պուշկինի ձեռագրեր և հազվագյուտ հրատարակություններ։ Նա պնդել է, որ հետազոտություններ է անցկացնում 19-րդ դարի ռուսական գրականության մեջ ժողովրդավարության վերաբերյալ։ Սակայն գրադարանը հետագայում պարզել է, որ ինը արժեքավոր գրքեր փոխարինվել են պատճեններով։ Վնասը գնահատվել է մոտ 650,000 եվրո։




















