top of page

Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահ

  • 5 hours ago
  • 1 min read

Ժոան Լապորտան կրկին հաղթանակ է տարել կատալոնական «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում՝ պահպանելով իր պաշտոնը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քվեարկությունը կայացել է մարտի 15-ին, իսկ վերջնական արդյունքներն ամփոփվել են լույս 16-ի գիշերը։ 63-ամյա Լապորտան հավաքել է ձայների 68,18 %-ը (32 934 քվե)՝ վստահորեն առաջ անցնելով իր միակ մրցակցից՝ Վիկտոր Ֆոնտից, որի օգտին քվեարկել է ընտրողների 29,78 %-ը (14 385): 53-ամյա Ֆոնտի համար սա երկրորդ պարտությունն էր Լապորտայից 2021 թվականի ընտրություններից հետո։

Մեկնաբանելով իր հաղթանակը՝ վերընտրված նախագահը շնորհակալություն է հայտնել ակումբի անդամներին վստահության համար.

«Երախտապարտ եմ այս հիանալի ակումբին, որտեղ անդամները դեռևս քվեարկում են նախագահի ընտրության համար. սա եզակի երևույթ է աշխարհում: Հատուկ շնորհակալություն բոլոր այն անդամներին, որոնք քվեարկեցին քաղաքացիական հպարտության և «Բարսայի» ոգու այս տոնին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Լապորտան «Բարսելոնան» ղեկավարում է 2021 թվականից: Նախկինում նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2003-2010 թվականներին։ 

 
 
1/3408
bottom of page