Միհրան Հարությունյան․ Պատրաստ եմ Հայաստանի առաջնությունում արդար մրցել ուժեղագույնների հետ
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 4 min read

Շատ եմ կարոտել մրցագորգը: Չեմ բացառում, որ մի օր որոշեմ եւ ուզեմ նորից փորձել ուժերս ըմշամարտում: Այդ միտքն իմ գլխում է եւ ինձ հանգիստ չի տալիս, հատկապես, որ Լոջ Անջելես-2028-ը սարերի հետեւում չի: Եթե որոշեմ վերադառնալ, ուրեմն պետք է իմ արդյունքներով գերազանցեմ նախկին Միհրանին: Պատրաստ եմ Հայաստանի առաջնությունում կամ ցանկացած մրցաշարում արդար մրցել ուժեղագույնների հետ:
Օրերս նա հայտարարեց խառը մենամարտեր վերադառնալու մասին: MMA մարտիկն օկտագոնից բացակայում է շուրջ երկու տարի: Հարությունյանն ներկայացնում է ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերությունը: Այս փուլում բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է ըմբշամարտի իր ակումբը եւ անձամբ մարզում է տարբեր տարիքի երեխաների:
Միհրան, տեւական դադարից հետո նորից հայտարարեցիր խառը մենամարտեր վերադառնալու մասին: Այս շրջանում ինչո՞վ էիր զբաղվում եւ ի՞նչը ոգեշնչեց նոր մենամարտին:
Հունվարի 31-ին հերթական մենամարտս կանցկացնեմ ММА-ում, որը կլինի վերադարձի մենամարտ: Այս փուլում ես շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, նաեւ հոգեպես շատ մոտիվացված եմ եւ մեծ ցանկություն ունեմ շարունակել մենամարտել, քանի որ սպորտի սիրահարը երբեք չի կարող սպորտից հեռանալ: Վերադարձել եմ ավելի մեծ ուժով, ոգեշնչված եւ նոր ու մեծ նպատակներով:
Առաջիկա մենամարտում հանդես կգամ 66, 5 կգ քաշային կարգում: Որոշեցի օգտագործել այս մարզավիճակն ու հոգեվիճակը եւ նորից դուրս գալ օկտագոն: Ինձ մոտ շատ լավ շրջան է, շատ մարտական եմ տրամադրված եւ չեմ ուզում, որ այս ամենը հենց այնպես անցնի, ինչպես անցավ նախորդ երկու տարիները: Ես արդեն 37 տարեկան եմ, բայց ինձ հրաշալի եմ զգում: Կարծում եմ, որ իմ այս որոշումը նվեր է ինքս ինձ: Ուրախ եմ այս հոգեվիճակի համար:
Երբ ինձ առաջարկեցին մենամարտ անցկացնել, ուրախացա: Կարծես, ամեն ինչ դասավորված էր ինձ համար եւ հասունացել էր պահը, որ վերադառնամ: UpNextFighting-ի հետ ունեմ պայմանագիր եւ դեռ երկու մենամարտ էլ կանցկացնեմ նրանց հետ:
Ամեն դեպքում, ո՞րն էր դադարի պատճառը: Ինչո՞ւ տեւական ժամանակ «լռեց» Միհրան Հարությունյանը:
Իրականում ես էլ չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ հեռվացա սպորտից, թերեւս ոչ միայն սպորտից, ամեն ինչից: Կարծում եմ՝ այդպիսի շրջաններ բոլորի մոտ լինում են, երբ կենցաղը գերակշռում է քո կյանքում, փոքրիկ կենցաղային խնդիրները դարձնում ենք մեծ խնդիրներ եւ սկսում տառապել դրանց ձեռքը: Ինձ մոտ էլ այդպես եղավ: Գտել եմ այդ խնդիրներից դուրս գալու փոքրիկ մեթոդ: Ասես՝ իմ կյանքի նոր էջը լինի: Այս ընթացքում, մինչ ես «լռում էի», շատ դժվարությունների առաջ կանգնեցի եւ սովորեցի դրանք հաղթել: Այժմ ես սովորել եմ համատեղել այն, ինչ կարող եմ անել եւ այն, ինչ սովորել եմ: Արդյունքը, կարծում եմ, հրաշալի կլինի:
Նպատակ ունեմ դեռ երկու տարի մենամարտել: Այս հարցում իմ տրամադրվածությունը թույլ չի տալիս որեւէ այլ ելքի մասին մտածել, բացի մենամարտեր անցկացնելուց: Սա նշանակում է, որ եւս երկու տարի ես ցանկանում եմ ինձ ամբողջությամբ նվիրել ММА-ին, հնարավոր է նաեւ մտածեմ այլ կարեւոր ուղղությունների մասին:
Գուցե այս մենամարտերով մեծ գումարներ չվաստակեմ, բայց ավելի շատ կենտրոնացած եմ ինձ որպես մարզիկ դրսեւորելու, պայքարի մեջ ինքս ինձ ապացուցելու մեջ, որ կարող եմ նոր հաղթանակներ ունենալ: Իսկապես շատ լավ մարզավիճակում եմ: Չեմ հիշում, թե երբ էի այսքան լավ մարզավիճակում եղել, երեւի միայն Օլիմպիական խաղերին: Ինձ շատ է դուր գալիս ներկայիս հոգեվիճակը, որը երբեք այսքան լավ չի եղել նախկինում: Այդ հարցում ինձ շատ է օգնում մարզչական գործունեությունը, որը վերջերս եմ սկսել:
Պատմիր քո հիմնած ըմբշամարտի մարզադահլիճի մասին:
Առաջին անգամ եմ խոսում իմ մարզադահլիճի մասին, որն անվանել եմ Maestro Migran: Գլենդելում բացել եմ ըմբշամարտի մարզադահլիճ, որտեղ ես մարզում եմ հունահռոմեական ոճի ըմբշամարտ: Արդեն ունեմ 35 աշակերտ տարբեր տարիքի: Իմ սաներից մեկն արդեն ԱՄՆ առաջին համարն է իր քաշային կարգում: Շատ լավ թիմ է ձեւավորվել, ընտանիք ենք: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ինձ մոտ մարզվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ԱՄՆ-ից: Ինձ դուր է գալիս մարզչություն անել, երեխաների հետ աշխատել: Նրանք ինձ օգնում են մշտապես լինել մարզավիճակում, քանի որ անձամբ ես եմ աշխատում նրանց հետ:
Երբ ինձ զանգահարեցին UpNextFighting-ից եւ մենամարտ առաջարկեցին, այդ պահին մարզադահլիճում էի աշակերտներիս հետ: Երեխաներին անմիջապես հարցրի, թե կուզեին ինձ տեսնել օկտագոնում, ասացին՝ այո, եւ ես համաձայնեցի այդ մենամարտին: Դա 5-6 ամիս առաջ էր, անձնական քաշս մոտ 86 կգ էր: Այդ օրից ես սկսեցի մարզվել, աշխատել եւ արդյունքում հրաշալի մարզավիճակ, հոգեվիճակ, տրամադրվածություն, մոտիվացիա եւ -20 կգ: Ոչ մի մարզում բաց չեմ թողնում, երեխաների հետ եմ աշխատում, ապա իմ մարզումներն եմ սկսում, ամեն օր:
Ստացվում է՝ մարզչական գործունեության շնորհիվ նորից մոտեցել ես ըմբշամարտին: Հնարավո՞ր է՝ այս մոտիվացիան քեզ մի օր վերադարձնի մրցագորգ, Հայաստանի հավաքական:
Շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ ինձ էլ է հետաքրքիր՝ մի օր այս ամենն ինձ կվերադարձնի՞ գորգ: Ես ամեն օր զբաղվում եմ ըմբշամարտով, ես ըմբիշ եմ առաջին հերթին: Շատերը կուզեին ինձ տեսնել ըմբշամարտի գորգին, թերեւս ես էլ կուզեի տեսնել: Իմ գլխում ամեն օր նոր նպատակներ են ծնվում եւ ինձ իմանալով, չեմ բացառում, որ մի օր որոշեմ եւ ուզեմ նորից փորձել ուժերս ըմշամարտում: Եթե ես մի օր անկեղծ ուզեմ ինձ տեսնել մրցագորգում, անպայման այդ մասին կբարձրաձայնեմ: Հոգուս խորքում միշտ կա նորից գոտեմարտելու, մրցումային վիճակներում լինելու ցանկություն:
Կարոտե՞լ ես գորգը:
Շատ, անչափ... ես այն Միհրանը չեմ, որը կար նախկինում: Եթե որոշեմ գնալ այդ քայլին, ուրեմն պետք է իմ արդյունքներով գերազանցեմ նախկին Միհրանին: Ինձ վերադառնալու միտքը շատ է գրավում: Իսկապես՝ հնարավոր է մի օր որոշեմ, քանի որ այդ միտքը միշտ իմ գլխում է եւ ինձ հանգիստ չի տալիս: Առաջիկա ամիսներին հստակ որոշում կկայացնեմ: Պատրաստ եմ մասնակցել Հայաստանի առաջնությանը, փորձել իմ ուժերը, մարզումներ, հավաքներ, միջազգային մրցաշարեր, առողջ մրցակցություն:
Մեր հավաքականը ինչպես միշտ ուժեղ է, Արթուր Ալեքսանյանը, հիմա արդեն Մալխաս Ամոյանը շատ բարձր մակարդակի վրա են պահում մեր հավաքականին: Ցավոք, մյուսներին չգիտեմ: Ես հավաքականից բացակայում եմ 10 տարի, չգիտեմ, թե ովքեր են մեր առաջին համարները, երկրորդները: Նախկին մարզիչն ասում էր՝ ես չեմ ցանկանում մասնակցել Հայաստանի առաջնությանը, հավաքականի հետ չեմ մարզվում: Ուղղակի ինձ չէին ուզում տեսնել հավաքականում, այդպես էին ասում: Ասում էին, որ ես միայն ուզում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը եւ Օլիմպիական խաղերին: Երբեք այդպես չի եղել ու չի լինի: Ես բաց եմ եւ պատրաստ առողջ եւ արդար մրցակցության: Ես պատրաստ եմ Հայաստանի առաջնությունում կամ ցանկացած մրցաշարում արդար մրցել ուժեղագույնների հետ: Ինչո՞ւ ոչ, ես կուզեի փորձել, հատկապես, որ Լոջ Անջելես-2028-ը սարերի հետեւում չի:




















