Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ հարկման համակարգերից օգտվելու հնարավորությունը։ Փոփոխությունները նախատեսված են «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը մշակել է Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է Հետքը։
«Նախագծի հեղինակները նշում են, որ գործող կարգավորումները որոշ տնտեսավարողների հնարավորություն են տալիս արհեստականորեն տեղավորվել հարկման արտոնյալ համակարգերում և այդ կերպ խուսափել հարկերի վճարումից։ Խնդիր է համարվում նաև հարկման տարբեր համակարգերում գործող տնտեսավարողների միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պարտավորությունների նվազեցումը։
Արտոնյալ համակարգում գործելու համար կսահմանվի 5 տարվա արգելք
Նախագծով առաջարկվում է հարկային օրենսդրության մի շարք էական կամ պարբերական խախտումների դեպքում տնտեսավարողներին 5 տարով զրկել հարկման այլընտրանքային համակարգերում գործելու հնարավորությունից։
Կներդրվեն նաև փոխկապակցվածության օբյեկտիվ չափանիշներ՝ պարզելու համար, թե արդյոք տնտեսավարողները փոխկապակցված են և արդյոք նրանց գործունեությունը կազմակերպվում է հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։
Առանձին սահմանափակումներ են նախատեսվում նաև տարբեր հարկման համակարգերում գործող տնտեսավարողների միջև գործարքների համար։ Մասնավորապես, կսահմանափակվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից շրջանառության հարկ վճարողներին մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ծախսերի նվազեցումը։ Նույն սահմանափակումը կվերաբերի նաև շրջանառության հարկ վճարողների՝ ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսավարողներին մատուցած ծառայություններին և կատարած աշխատանքներին»։




















