top of page

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

  • 10 hours ago
  • 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նախօրեին շատ թեժ քննարկվել է հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին ԱԺ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ սկզբնական փուլում իշխանական պատգամավորների շրջանում Ղազինյանի թեկնածությանը դեմ դիրքորոշում չի եղել, սակայն վերջին օրերին իրավիճակը փոխվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխանական խմբակցության ներսում Ղազինյանի թեկնածության շուրջ քննարկումները հատկապես թեժացել են նրա և ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջև տեղի ունեցած կոշտ խոսակցությունից հետո։ Քննարկումների ժամանակ, ըստ իշխանական մեր աղբյուրների, անդրադարձ է եղել նաև Ղազինյանի վարքագծին և նրա դեմ ընթացող քրեական գործին։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկվել է, որ Ղազինյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում նրա քրեական գործի ընթացքը կարող է քաղաքական և կազմակերպչական խնդիրներ ստեղծել, այդ թվում՝ այն դեպքում, եթե դատարանը նրա նկատմամբ կրկին ավելի խիստ խափանման միջոց կիրառելու հարց քննարկի։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ՀՀ գլխավոր դատախազը հնարավոր է՝ ԱԺ գա նրա «հետևից»։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի դեմ քրեական վարույթը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակաշառքի նախապատրաստության հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Ղազինյանը և մի շարք այլ անձինք նախապատրաստել են ընտրողներին ընտրակաշառք տալ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Ըստ նախաքննության՝ Ղազինյանը Ա.Ս.-ին փոխանցել է 1 մլն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու նպատակով, սակայն ծրագրված գործողությունն ավարտին չի հասցվել։

Հենց այս գործի շրջանակում հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր Դատախազության միջնորդությունները՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Նույն օրը նա զրկվել էր անձեռնմխելիությունից, իսկ հունիսի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Ղազինյանը մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպանական կողմը հայտարարել էր, որ կալանավորման որոշումը բողոքարկելու է, իսկ Ղազինյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գործի նկատմամբ իշխանությունների գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեցող էր համարում։

Հետագայում, սակայն, գործը չկանգնեց․ հուլիսի 21-ին Դատախազությունը հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել։

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը։ Դատախազը միջնորդել էր Ղազինյանի նկատմամբ կալանքը փոխարինել 1 մլրդ դրամի գրավով՝ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցությամբ։

Այսպիսով, իշխանության ներսում Ղազինյանի թեկնածության վերաբերյալ քննարկումների ֆոնին ուշագրավ է այն հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը միաժամանակ շարունակում է մնալ քրեական վարույթի շրջանակում մեղադրվող անձ, իսկ գործն արդեն գտնվում է դատարանում։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքն է իշխանական խմբակցության մի հատվածի համար դարձել Ղազինյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրելու հիմնական փաստարկներից մեկը»։

 
 
1/3741
bottom of page