top of page

ԱՄՆ-ը մինչև 20 հազար դոլարի վիզային գրավ կսահմանի 50 երկրի քաղաքացիների համար

  • 2 minutes ago
  • 1 min read

ԱՄՆ պետդեպարտամենտը մշտական հիմունքներով ներդնում է վիզային գրավի ծրագիր, որը կոնսուլական աշխատակիցներին թույլ կտա մինչև 20 հազար դոլարի երաշխիքային վճար պահանջել զբոսաշրջային և գործարար վիզա ստանալու համար դիմած անձանցից, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ Դաշնային ռեեստրում հրապարակված ծանուցման համաձայն՝ նոր կանոնները տարածվում են գործարար (B1) և զբոսաշրջային (B2) կարգի վիզաների վրա։ Գրավի պահանջը կարող է կիրառվել 50 երկրների քաղաքացիների նկատմամբ, ընդ որում՝ դրանցից մոտ 30-ը գտնվում են Աֆրիկայում։

«Կոնսուլական աշխատակիցները որոշակի ոչ իմիգրացիոն վիզաների դիմորդներից կարող են մինչև 20 հազար դոլարի չափով գրավ պահանջել՝ որպես վիզայի տրամադրման պայման»,- նշված է փաստաթղթում։

ԱՄՆ իշխանությունները որոշումը պատճառաբանում են օտարերկրացիների կողմից երկրում գտնվելու ժամկետների խախտման դեպքերը կրճատելու անհրաժեշտությամբ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2025 թվականին գործող փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ վիզային գրավները կարող են արդյունավետ գործիք լինել երկրում գտնվելու պայմանների պահպանման վերահսկողության համար։

Սկզբնական ծրագրի շրջանակում կոնսուլական աշխատակիցները կարող էին 5 հազար, 10 հազար կամ 15 հազար դոլարի գրավ սահմանել։ Նոր կանոնները վերացնում են նվազագույն 5 հազար դոլարի տարբերակը և առավելագույն գումարը հասցնում 20 հազար դոլարի։

Վերջնական կանոնները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 3-ին՝ Դաշնային ռեեստրում հրապարակվելուց հետո։

Միգրացիոն քաղաքականության խստացման կողմնակիցները կարծում են, որ ֆինանսական երաշխիքները կօգնեն նվազեցնել անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր վիզայի ժամկետն ավարտվելուց հետո մնում են ԱՄՆ-ում։ Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են, որ նման միջոցները կարող են սահմանափակել օրինապահ քաղաքացիների ուղևորությունները և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վիզա ստանալու ճանապարհին։

Նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության քննադատները պնդում են, որ վարչակազմը ճնշումն ավելացնում է ոչ միայն ապօրինի, այլև օրինական ներգաղթի վրա։ Մյուս միջոցառումների թվում են դիմորդների որոշ կատեգորիաների համար նոր վճարների սահմանումը և վիզայի հայտերը դիտարկելիս սոցիալական ցանցերում օգտատերերի ակտիվության ստուգման ընդլայնումը։

Թրամփն իր հերթին պնդում է, որ այս քայլերն անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովման և ներգաղթային հոսքերը վերահսկելու համար։

 
 
1/3707
bottom of page