ՀՀ նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ, արցախահայերի վնասը պետք է հատուցի պետությունը. Դրմեյան
- 14 hours ago
- 3 min read

Մենք այստեղ ենք որոշելու մեր երկրի ճակատագիրը, մեր երեխաների ապագան, հզորացնելու մեր պետությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման ժամանակ իր ելույթում նշեց ի«Միասնության թևեր»–ի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։
«Պետություն, որտեղ ամեն ինչ որոշվելու է օրենքով, այլ ոչ թե հեռախոսազանգով կամ SMS–ի միջոցով։ Պետություն, որտեղ պաշտոնը նվեր չէ, այլ ծանր բեռ, պարտականություն, պատասխանատվություն, և պետություն, որտեղ պետական համակարգը ծառայում է բոլորիս, ոչ թե իշխող խմբին։
Մենք կառուցելու ենք համակարգ, որի հիմքում լինելու է կայուն, հստակ և բոլորի համար տեսանելի ու թափանցիկ մեխանիզմներ։ Քաղաքացու ճակատագիրը չպետք է կախված լինի պետական պաշտոնյայի քմահաճույքից, չինովնիկի այս կամ այն որոշումից։ Հանրային ու պետական պաշտոնները այլևս չեն լինելու մատուցած ծառայությունների համար նվեր, չեն լինելու հիփոթեքային վարկը մարելու միջոց, սեփական բարեկեցությունն ապահովելու միջոց։ Պետական պաշտոնյան պետք է լինի մարդ, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և ամենակարևորը՝ նվիրում այս պետությանը։
Արժանիքի վրա հիմնված պետական պաշտոնյա ընտրելու համակարգը լինելու է մեր կառավարման համակարգի անկյունաքարը։ Պետությունը պետք է կառավարեն լավագույնները, այլ ոչ թե ամենահարմարվողները»,–ասաց նա։
Խոսելով ՏԻՄ–երի մասին՝ Դրմեյանն ասաց. «Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և ինքնուրույն։ Շեշտը պետք է դնել տնտեսական ակտիվությունը խթանելու վրա, 4 տարում ձևավորելու ենք ապակենտրոնացված և զարգացմանն ուղղված համակարգ։ Համայնքների խոշորացումները չեն կատարվելու քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, ինչպես տեսանք Վաղարշապատում։ Կներդնենք արդյունքահետ ֆինանսավորում, որտեղ պետական աջակցությունը համայնքին կախված կլինի զարգացման փաստացի արդյունքին։ Այսինքն կաշխատեք շատ, կստանաք ավելի շատ»։
Նա խոսեց նաև իրավական պետության և դատական համակարգի մասին. «Յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք կունենա գործելու միայն այն լիազորություններով, որով լիազորված կլինի օրենքով։ Սահմանադրությունը գերակայելու է ամենքի և ամեն ինչի նկատմամբ, բացառելու ենք իրավապահ համակարգի օգտագործումը քաղաքական նպատակներով, իսկ դատարաններն իրավունք չունեն լինել անկախ ցանկացած իշխանությունից և քաղաքական ուժից։
Դատավորները կունենան սոցիալական և մասնագիտական պաշտպանված երաշխիքներ, նրանք չեն լինելու վարկերի ու պարգևավճարների գերիները, որոնց վրա կարելի է քաղաքական ճնշում գործադրել։ Վերացնելու ենք կառավարության միջոցով դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու արատավոր պրակտիկան։ Դատավորների և դական ծառայողների քանակն ավելացնելու ենք այնքան, որ համապատասխանի եվրոպական չափորոշիչին։
Հանրային պաշտպանի գրասենյակում հաստիքների ավելացում, ֆինանսավորման ավելացում, փաստաբանական ծառայությունների հարկային բեռի նվազեցում։ Մենք բոլորս իրավունք ունենք ստանալ մատչելի և որակյալ իրավական ծառայության»։
Ինչ վերաբերում է ընտրություններին, «Միասնության թևերի» անդամն ասաց. «Կայուն մեծամասնություն ձևավորելու մեխանիզմը նպատակ ունի փոշիացնելու քաղաքացիենրի ձայները։ Մոտ 200 հազար ձայն փոշիանում են ընտրությունների ժամանակ։ Մենք փոխելու ենք այդ համակարգը, քաղաքացիների ձայնը պետք է լսելի լինի ԱԺ–ում։ Նվազեցնելու ենք կուսակցությունների անցողիկության շեմը։ Էապես վերափոխելու ենք կուսակցությունների պետական ֆինանսավորումը։ Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա «բոլորին» դեմ քվեարկել։ ԱԺ–ն պետք է իրական հակակշիտռ լինի կառավարությանը, այլ ոչ թե ծառայի կառավարության կցորդ։
Ո՞վ է հիշում ՀՀ նախագահի անունըՄեր երկրում պետք է վերականգնվի հստակ լիազորություններով օժտված նախագահի ինստիտուտը, դրա համար նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ։
Հետևողական ենք լինելու առաջ մղել ՀՀ շահերի պաշտպանությունը միջպետական բոլոր ատյաններում, միայն այդպես կարող ենք ստանալ մեր երկրի համար շահավետ դիրք արտաքին քաղաքական դաշտում։ Արցախահայության իրավունքների պաշտպանությունը առանցքային է լինելու և նրանց դեպի Արցախ վերադարձի ապահովումը։ Մենք բացառելու ենք այսօր այդքան քննարկված միջպետականհայցերի հետկանչը։ Սա մեզ համար կարմիր գիծ է։ Արցախահայերի վնասը պետք է պետությունը հատուցի, այդ վնասի հատուցումը մենք հետագայում պահանջելու ենք Ադրբեջանից։
Հայցերի հետկանչը ուղիղ սպառնալիք է հայկական պետությանն ու հայկական շահին։ Մենք կարող ենք հասնել նրան, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խախտված իրավունքները վերականգնվեն, իսկ վնասը հատուցվի։
Պետությունը չպետք է կախված լինի անձանցից, պետք է հիմնված լինի ինստիտուտների վրա, օրենքի վրա և արժանիքի վրա։ Եթե մենք միասին որոշենք, որ ժամանակն է ունենալ իրական իրավական պետություն, որ ժամանակն է ունենալ արդար դատական համակարգ, իրապես ինստիտուցիոնալ պետություն, ապա ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել։ Հայաստանը լինելու է հզոր երկիր և մենք այդ երկիրը կառուցելու ենք միասին»։




















