Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին

Մենամարտն ավարտվեց առաջին ռաունդի 4:56-ին՝ գոնգից ընդամենը չորս վայրկյան առաջ։ Հնգ րոպեանոցի վերջնամասում Ծառուկյանը կլինչում երկու հզոր հարված հասցրեց արմունկով։ Առաջին հարվածը լրջորեն ցնցեց Ռուֆիին, իսկ երկրորդից հետո բրազիլացին ընկավ գետնին, և մրցավարը անմիջապես դադարեցրեց մենամարտը։
Մինչ այդ դրվագը պայքարը բավական մրցակցային էր ընթանում։ Ռուֆին հաջողությամբ պաշտպանվում էր գետնին տեղափոխելու փորձերից և մի քանի անգամ վտանգավոր հարվածներ էր հասցնում կանգնած դիրքում, մինչդեռ Ծառուկյանն անընդհատ ճնշում էր գործադրում, փորձում էր օգտագործել ըմբշամարտը և մրցակցին պահում էր ցանցի մոտ։ Սակայն ռաունդի վերջին վայրկյանների մեկ դրվագն ամբողջությամբ որոշեց մենամարտի ելքը։
Հաղթանակից հետո Ծառուկյանն անմիջապես հասկացրեց, թե ինչ է ցանկանում հաջորդիվ։ Արմանը հայտարարեց, որ գիտակցում էր՝ իրեն վաղաժամ հաղթանակ էր անհրաժեշտ չեմպիոնական մենամարտի նկատմամբ իր հավակնությունները վերջնականապես ամրապնդելու համար։ Նախորդ հինգ անընդմեջ հաղթանակներից հետո այս նոկաուտը դարձավ նրա վեցերորդ անընդմեջ հաղթանակը։
Այժմ Ծառուկյանի տիտղոսային հայտը չափազանց ծանրակշիռ է թվում։ UFC 331-ից առաջ Դանա Ուայթը չէր ցանկանում երաշխավորել Արմանին չեմպիոնական մենամարտ նույնիսկ Ռուֆիի նկատմամբ հաղթանակի դեպքում, սակայն Ծառուկյանն արեց հենց այն, ինչ իրենից պահանջվում էր՝ արդեն առաջին ռաունդում կանգնեցրեց դիվիզիոնի ամենավտանգավոր հարվածողներից մեկին։
Նշենք, որ այս մենամարտում Արման Ծառուկյանի անկյունում էր լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը։
Ծառուկյանի հաջորդ մենամարտը պետք է լինի տիտղոսային՝ անկախ նրանից, թե այդ պահին ով կլինի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնը։ Հաղթանակից հետո Արմանը նույնպես ընդգծեց, որ հենց տիտղոսային հնարավորության համար իրեն անհրաժեշտ էր նման ավարտ։
Հիշեցնենք, որ նույն մրցաշարում ևս մեկ հայազգի մարտիկ՝ Էդմեն Շահբազյանը, հաղթանակ տարավ բրազիլացի Բրունո Ֆերեյրայի նկատմամբ։ Շահբազյանը հաղթեց երեք ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 29-28, 29-28 և 30-27։




















