top of page

Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին


Էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված խնդիրն օր օրի կարգավորում է այն առումով, որ դեղատոմս դուրս գրողները և բուժառուները համակարգին սովորում և ընտելանում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«90 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Մի քանի օրից շատ ավելի հեշտ կլինի։ Մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հետաձգել և ոչինչ չանել, բայց մեր մոտեցմամբ ամենը պետք է հստակ ժամկետներում իրականացնենք։ Բոլոր մտահոգությունները մենք հասկանում ենք կապված բժշկական գաղտնիքի հետ, բայց հենց թղթային տարբերակն է բերում այդ գաղտնիքի արտահոսքին»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ որոշ դեպքերում, այդ թվում՝ ալերգիաների ժամանակ, դեղամիջոցն անհապաղ է պետք լինում, ինչը ևս քննադատությունների պատճառ է դարձել, նախարարն արձագանքեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում գործարկվել է այս համակարգը և որևէ մեկը խնդիր չի ունենում։

«Մեր կողմից տրված լուծումներն այս բոլոր պարագաներն իրենց մեջ ներառում են, և մենք ունենալու ենք առողջալան ելքերի բարելավում և անհարկի դեղօգտագործումից խուսափում, ինչը նշանակում է թե ֆինանսական, թե առողջական ավելի բարենպաստ պայմաններ մեր պացիենտների համար», - հավելեց Ավանեսյանը

Լրագրողներից մեկը հարց ուղղեց այն մասին, որ օրեր առաջ քաղաքացին դեղատան դիմաց ալերգիայից խեղդվում էր և նրան հրաժարվում էին դեղ վաճառել, ուստի ի՞նչ է հարկավոր անել այդ դեպքում, ինչին նախարարը պատասխանեց․ «Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է։ Հարկավոր է շտապօգնություն կանչել և նրան այդ պահին օգնություն ցուցաբերել»։

1/2102
bottom of page