«Ժողովուրդ». Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում
- 2 hours ago
- 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։
Մենք ուսումնասիրեցինք ՔՊ նախընտրական ցուցակի 102-րդ համարում ընդգրկված Անուշիկ Ավետյանի պաշտոնեական հայտարարագիրը և հարակից տվյալները։
Ավետյանը 2025 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Մինչ այդ, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, 2021 թվականին նա զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը։
Հայտարարագրի համաձայն՝ Ավետյանը ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող կիսակառույց շինություն, որի 1/2 բաժնեմասը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 11-ին՝ գնման միջոցով։ Նրա բանկային ավանդները կազմում են 110,000 և 60,000 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 941,500 դրամ։ Կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։
Ինչ վերաբերում է եկամուտներին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է ընդհանուր 4,107,317 դրամ։ Դրանցից 217,715 դրամը՝ «ԱՄՉԱՄ ՕՓԵՐԵՅՇԸՆՍ» ընկերությունից, 487,968 դրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ մնացածը՝ այլ աշխատավարձային մուտքերից։
Միևնույն ժամանակ առկա է վարկային պարտավորություն՝ 24,794,598 դրամ, որից 23,975,598 դրամը հիփոթեքային վարկ է՝ առանձնատան համար։
«Ժողովուրդ»-ը նաև ուսումնասիրեց Ավետյանի նախկին հայտարարագիրը և պարզեց, որ 2021 թվականին Ավինյանի օգնականի պաշտոնը դադարեցնելու պահին նա ունեցել է 2008 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենա (գնված 2019-ին), 650,000 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև 6,690,711 դրամ եկամուտ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Անուշիկ Ավետյանը ՔՊ կուսակցության անդամ է և ամուսնացած է Իմ քայլը դաշինքի նախկին պատգամավոր, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով ներկայումս զբաղեցնում է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի մայիսի 21-ին։
Բոշյանի 2024 թվականի հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա ունի Առինջում գտնվող կիսակառույց անշարժ գույք (համատեղ սեփականություն) և 2024 թվականի օգոստոսի 3-ին ձեռք բերված առանձնատուն Աբովյանում՝ միանձնյա սեփականությամբ։ Նրա տրանսպորտային միջոցները ներառում են 2022 թվականի HONDA (գնված 2023-ին) և 1997 թվականի VAZ ավտոմեքենան։
Բանկային հաշիվներում Բոշյանն ունի 62,401 դրամ մնացորդ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 12,749,382 դրամ, որից 11,567,012 դրամը՝ Արտաքին հետախուզության ծառայությունից ստացված աշխատավարձ, և 1,182,370 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։
Նրա վարկային պարտավորությունները 2024 թվականի վերջի դրությամբ կազմել են 28,159,698 դրամ, որից 23,975,598 դրամը՝ առանձնատան հիփոթեքային վարկ։ Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա իրականացրել է 7,000,000 դրամի վերանորոգման ծախսեր։
Հատկանշական է նաև, որ ամուսնու 2024 թվականի հայտարարագրով Ավետյանը ներկայացված է եղել առևտրային կազմակերպությունում․ նա հանդիսացել է «ԱՄՉԱՄ ՕՓԵՐԵՅՇԸՆՍ» ընկերության տնօրենը։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՊ ցուցակի 102-րդ համարը ներկայացնող Անուշիկ Ավետյանը և նրա ամուսինը՝ Արման Բոշյանը, ունեն զգալի անշարժ գույք, վարկային պարտավորություններ և բազմազան եկամուտներ, որոնք ձևավորվել են թե՛ պետական համակարգում զբաղեցրած պաշտոններից, թե՛ մասնավոր հատվածում գործունեությունից»։




















