top of page

Ինչ են մտածում Ջուջեւանում` Մուստաֆաեւի այցի մասին իրենց գյուղ

  • 1h
  • 1 min read

Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։ Հիշեցնենք, որ դա նրա ծննդավայրն է` նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում։



«Հրապարակ»-ի հետ զրույցում Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը հայտնեց, որ ինքը Մուստաֆաևի՝ գյուղ այցելելու ցանկության մասին տեղյակ չէ․ «Եթե ուզում է գալ ու մեր կառավարությունը ընդունել ու համաձայնել է, մենք ի՞նչ կարող ենք անել։ Բայց այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել»։


Հարցին՝ գյուղում շա՞տ են եղել ադրբեջանցիները, նրանց գերեզմանոցները, տները պահպանվե՞լ են՝ Պետրոսյանը պատասխանեց․ «Գերեզման չեն էլ ունեցել, իսկ տուն կա։ Միայն Մուստաֆաևի ընտանիքն է մեր գյուղում ապրել, էդ մի տունն է ու մինչև հիմա մնում է, մենք հո գազաններ չենք, որ ավերենք։ Իրենք գնացել են 1991-92 թթ-ին։ Այդ տանը սկզբնական շրջանում բնակվողներ եղել են, բայց շատ երկար ժամանակ է, որ որևէ մեկը չի բնակվել։ Տունն արտաքինից նորմալ պահպանվել է, չգիտեմ ներսում ինչ վիճակ է»։


Պետրոսյանը նշեց, որ իրենց գյուղը փոքր էր և գյուղի միակ ադրբեջանական ընտանիքի հետ լարված հարաբերություններ չեն եղել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղավիացիայից հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։ Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։



 
 
1/3511
bottom of page