top of page

Կոշտ թափոնների կառավարման ոլորտում մեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. Փաշինյան

13 hours ago
3 min read

«Նույն մարդիկ, ովքեր տարիներ առաջ հատում էին անտառները, հիմա սկսել են համագործակցել բնության հետ, ովքեր որսագողությամբ էին զբաղվում, հասկացել են, որ զբոսաշրջիկի տեսախցիկի մեջ հայտնված մեկ վայրի կենդանին ոչ միայն տասնյակ հազարավոր դիտումներ է բերում այն նկարահանած զբոսաշրջիկին, այլև նորանոր զբոսաշրջիկներ և բնությունը դառնում է բարեկեցության աղբյուր»,- Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությանն ունեցալ ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Իհարկե, մարդկանց նոր հոսքը իր հերթին բերում է նոր մարտահրավերներ, բայց զուգահեռ նաև ածխածնային հետքը կառավարելու գիտակցությունն է աճում հանրության շրջանում և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում դա խթանելու համար։

Մենք էական կարգավորումներ ենք արել նաև Սևանա լճի ձկնային պաշարները, ասել է թե կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։ Լճում ձկնորսությունը կանոնակարգող որոշումներ ենք ընդունել, ձվադրման սեզոնին հնարավորինս խիստ վերահսկողություն է իրականացվում, ինչի արդյունքում սիգի պաշարները Սևանա լճում էականորեն մեծացել են։

Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Սևանա լճի վրա գործում է ջրային ոստիկանություն, որի խնդիրներից մեկը, այլոց շարքում շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մարմիններին աջակցություն ցույց տալն է։

Իհարկե, այս խիստ միջոցները որոշակի դժգոհություններ են առաջացնում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների շրջանում։ Բայց ես միշտ մի հարց եմ տալիս, որը կարծում եմ նրանց էականորեն զինաթափում է։

Ես հարցնում եմ, սիրելի քաղաքացիներ, ու՞մ համար ենք մենք Սևանի ձկնային պաշարները պահպանելուն և զարգացնելուն ուղղված այս խիստ միջոցները ձեռնարկում։ Ո՞ւմ համար ենք մենք դա անում: Ես ինձ համա՞ր եմ դա անում, կամ իմ շրջապատի՞ համար եմ անում։

Եվ քաղաքացիները գիտեն, որ Կառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ մեր ազգականների։ Դա անում ենք այդ նույն, ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար, և նրանց սերունդների, որ նրանք եկամտի կայուն և երկարաժամկետ աղբյուր ունենան։

Եվ արդյունքներն ակնհայտ են։ Վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը (կենսազանգվածը) աճել է ավելի քան 10 անգամ՝ 2010-ականների կեսերի ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց, 2026 թվականի հուլիսի դրությամբ հասնելով ավելի քան 4500 տոննայի։

Սևանա լճում Կառավարության կողմից իրականացնում է նաև Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը։ Մինչև 2025 թվականը Սևանի իշխանի պաշարները լճում եղել են աննշան՝ մինչև 20 տոննա։ 2025թ․ պաշարները գնահատվել են շուրջ 138 տոննա, իսկ արդեն 2026-ի հուլիսի դրությամբ՝ 374 տոննա։ Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում։ Նրանց խոսքով՝ նման հաճախությամբ դա հիշում են միայն իրենց պապերի պատմություններից:

Հայաստանի բարձրլեռնային գետերում հաջողությամբ իրականացվում է նաև կարմրախայտի պոպուլյացիայի վերականգնման և զարգացման ծրագիրը։ Այս պահին արդեն ձևավորվել է մայրական կազմ, և դրանից ստացված մանրաձկները նախատեսվում է շարունակաբար բաց թողնել Հայաստանի բարձրլեռնային գետերում։ Միայն այս տարի նախատեսվում է բաց թողնել շուրջ 50 հազար մանրաձուկ։

Մեր հաջողության հաջորդ պատմությունը վերաբերվում է Կովկասյան ընձառյուծին, որը համարվում էր Հայաստանում վերացած տեսակ։ Այսօր Հայաստանում գնահատվում է 6–7 առանձնյակ, իսկ 2024 թվականին արձանագրվել է նաև 2 ձագ․ ընձառյուծի առկայությունը լիարժեք էկոհամակարգի կարևոր ցուցիչ է, իսկ ձագի ծնունդը դրա կայունության մասին է փաստում։

«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը մեկ այլ հաջողության պատմություն է մեզ համար։ Այս կենդանին նույնպես համարվում էր վերացած տեսակ Հայաստանում։ Բայց 2022–2025 թթ. բնություն է բաց թողնվել ընդհանուր 22 առանձնյակ։

Արդեն բնության մեջ ծնվել է 8 ձագ, ինչը վկայում է, որ վերաբնակեցված կենդանիները սկսել են բնական պայմաններում հաջողությամբ վերարտադրվել։

Ձե՛րդ գերազանցություններ, հարգելի ներկաներ․

Այս հաջողություններով հանդերձ, Հայաստանում, ցավոք շարունակվում են թե՛ ապօրինի անտառհատումները, թե՛ որսագողության դեպքերը, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք։

Նաև այս խնդիրները կառավարելու նպատակով մենք ընդամենը երկու տարի առաջ սկսել ենք Էկոպարեկային ծառայության, այսինքն, ըստ էության, էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն այժմ գործում է մեր տասը մարզերից չորսում։ Եվ շարունակաբար կներդնենք մյուս մարզերում ևս:

Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով։

Մեր անտառները վերականգնվելու շատ մեծ հատկություն ունեն, զուգահեռ մենք իրականացնում ենք և պիտի շարունակենք իրականացնել անտառվերականգնման ծրագրեր, բայց պետք է նաև հասկանանք, որ առանց անտառների պահպանության և մարդկանց շրջանում էկովարքագծի սերմանման շատ դժվար կլինի լուրջ արդյունքների հասնելը։

Ուզում եմ նաև քաջալերանքի և գոհունակության խոսքեր ասել այն միջազգային և հասարակական կազմակերպություններին, ովքեր իրենց նվիրել են Հայաստանում անտառվերականգնում կամ անտառահիմնում իրականացնելու գործին։ Սա շատ կարևոր աշխատանք է և մենք պատրաստ ենք միավորել մեր ջանքերը սիներգիայի հասնելու համար։

Մեր երկրի համար առանձնահատուկ մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելը, և մենք դժվար քայլերով, բաց, այնուամենայնիվ, շարժվում ենք այդ ուղղությամբ։



Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրխնայող համակարգերի և տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը Կառավարության առաջնահերթությունների շարքում է, բայց այստեղ էլ ակնհայտ է, որ ոչ պակաս կարևոր է ջրխնայող մենթալիտետի ներդրումը մեր հանրության շրջանում։

Նույնը պետք է ասեմ կոշտ թափոնների կառավարման ոլորտի մասին, որտեղ, ցավոք, մեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս։

Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես մարդկանց մտածողության մեջ փոփոխությունները տեղի են ունենում շատ դանդաղ, և լուծումը այստեղ հետևողականությունն է, շարունակականությունը, և մենք վճռական ենք գնալ հենց նման ճանապարհով»։

 
 
1/3843
bottom of page