ՉԼ․ «Բավարիան» 2։1 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին», «Արսենալը» 1։0 հաշվով՝ «Սպորտինգին»
- 15 hours ago
- 1 min read

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին» (0-1)։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում էր գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն լոնդոնցիները կարողացան հաղթանակ կորզել ավելացված ժամանակում։ Մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1) Կայ Հավերցը, օգտվելով փոխարինման դուրս եկած Գաբրիել Մարտինելիի փոխանցումից, խփեց հանդիպման միակ ու հաղթական գնդակը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում զիջեց Մյունխենի «Բավարիային» (1-2)։
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց մյունխենցիների կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, իսկ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Հարի Քեյնը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
«Սերուցքայինները», չնայած երկրորդ խաղակեսում ունեցած մի շարք հնարավորություններին, կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին Կիլիան Մբապեն գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։




















