Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է նկատել Եկեղեցու դեմ պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։
Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես են եկել ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը և ի․գ․թ․ տիար Արա Զոհրաբյանը։
Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվել են խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է նկատել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվել է, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։
ԳՀԽ-ն դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։
Ժողովականները քննարկել են առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։
Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և տիար Արա Զոհրաբյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է ներկայացված առաջարկները և թելադրել շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Խորհուրդը կարևորել է նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրել է համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։
Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունել է զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր: Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։




















