top of page

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ

  • 3 minutes ago
  • 1 min read

Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին։

Քննարկվել են «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (Volfire) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա համագործակցության հեռանկարները։

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ գործունեությունը՝ ընդգծելով հանրապետության տարբեր մարզերում ստեղծված 11 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կարևորությունը, որոնք էական դեր են կատարում արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքների դիմակայունության բարձրացման գործում։ Այդ համատեքստում նշել է, որ ևս երկու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կառուցումը ավարտական փուլում է։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է կամավորների ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ նրանք աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու գործում առանձնակի նշանակություն ունեն։

Արամ Ղազարյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում կազմակերպված վերապատրաստումները զգալիորեն նպաստել են կամավոր հրշեջ-փրկարաների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը։

Volfire ծրագրի ղեկավար Թիերի Ժիրարդը ներկայացրել է ծրագրի ընթացիկ արդյունքները և նշել, որ արդեն մեկնարկել են երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, ինչը կնպաստի կամավորության ինստիտուտի առավել լայն տարածմանն ու ամրապնդմանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանը ևս կարևորել է Փրկարար ծառայության և գործընկեր կազմակերպությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։


 
 
1/3643
bottom of page