Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով ոստիկանության գնդապետի տղուն գտել ու վնասազերծել են. նա եղել է զինված
- 1 hour ago
- 2 min read

Հունիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա. ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 2020 թվականի հուլիսի 18-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզվող Անդրանիկ Մգոյանը գտնվում է ինչ-որ հասցեում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում քրեական ոստիկանները 2 օպերատիվ խմբեր են կազմել ու մեկնել նշված հասցե, որտեղ էլ հաջողվել է Ա․ Մգոյանին հայտնաբերել և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։ Ա. Մգոյանը հետախուզվում էր Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով, իսկ նրա հայրը ոստիկանության գնդապետ էր, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության, իսկ հետո ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։
Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ 2020–ի հուլիսի 18-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանի և 30-ամյա Վարդգես Այվազյանի նկատմամբ։
Վերջինները հետախուզվում էին ՀՀ ՔրՕրի 38-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի (հանցակցություն, սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղականով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Նշված քրգործը հարուցվել էր նույն տարվա հունիսի 9-ին, Շնեգավիթ վարչական տարածքում Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող՝ ինքնաձիգներից կատարված սպանության փաստով, որի ժամանակ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր նշված փողոցի բնակիչ, «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանը, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ։
Հիշեցնենք, որ 2020–ի հունիսի 9–ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել, մեկ մարդ սպանվել էր։
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել է Ա. Պետրոսյանի ուղղությամբ, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արամ Եղիազարյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Քրմոյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Աշոտ Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ժակ Այվազյանը, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Հակոբյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Կամո Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վարդգես Այվազյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը և Դ. Թադևոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ են արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։
Կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված և ազատ է արձակվել համաներմամբ, ով իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ




















